Գործարար Ասլան Դիլբարյանը պնդում է, որ ոնտահարվել են իր իրավունքները և ապօրինի կերպով իրեն ունեզրկել են:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Դիլբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց, որ 25 տարի զբաղվում է անհատ ձեռներեցությամբ և իր ձեռնարկատիրական գործունեությունն ընդլայնելու նպատակով 2008 թվականի փետրվարի 4-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից վերցրել է 50.000.000 ՀՀ դրամ վարկ՝ գրավ դնելով Լենինգրադյան 4/9 հասցեում գտնվող իր խանութը:

 

«Մոտ մեկ տարի պարտաճանաչ կատարել եմ վարկային պարտավորություններս, մուծել եմ շուրջ 15.000.000 դրամ: 2008թ. դեկտեմբերի 24-ին տարել եմ սուր ինֆարկտ, ենթարկվել եմ վիրահատության և 2-րդ խմբի հաշմանդամ եմ: Հիվանդությանս, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, չկարողացա ժամանակին ամբողջությամբ մարել վարկս: Բանկի դիմումի համաձայն՝ դատարանը 2009 թվականին ինձ ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է կեղծ աճուրդ՝ առանց ինձ և բանկին տեղյակ պահելու»,- ասաց նա:

 

Գործարարը հատկապես շեշտում է այն հանգամանքը, որ իրեն պատկանող գույքը վաճառվել է շուկայական գնից ցածր: 145.000.000 ՀՀ դրամ գնահատված գույքը վաճառվել է ընդամենը 38.000.000 ՀՀ դրամով: Նա բազմիցս դիմել է բանկին՝ վարկային պարտավորությունները կատարելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու խնդրանքով:

 

«Շահադիտական նպատակներով հանցավոր համագործակցության են եկել «Արդշինինվեստբանկը», դատավոր Սմբատյանը, գնորդը՝ «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից Բաբկեն Թադևոսյանը, սնականկության գործով կառավարիչը: Պայմանավորվել են՝ չնչին գներով, կեղծված փաստաթղթերով օտարել են: Ժամը 3-ին էր նշանակված լինում աճուրդը ժամը 12-ին գրում են աճուրդը չկայացավ:

 

Այդ ֆինանսական հսկաների մոտ Ասլան Դիլբարյանն, ով է որ»,- ասաց նա:

 

Պատմեց նաև, որ իրեն լսել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով փաստել է, որ փաստաթղթերը կեղծ են և ֆինանասական աճպարարություններ են տեղի ունեցել:

 

Նշենք նաև, որ Դիլբարյանը դիմել է նաև Սերժ Սարգսյանին: Նա եղել է նախագահականում, որտեղ նախագահը լսել է խնդիրը, սակայն խնդիրը դեռևս առկա է: