2017 թվականի ընտրություններից առաջ տարբեր կուսակցությունների, քաղաքական գործիչների հավակնությունների մասին հրապարակումները չեն դադարում։ Այս անգամ թերթերից մեկն անդրադարձել է ընդդիմադիր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին։ Նշվում է, որ ընտրություններից առաջ ՀԱԿ-ը, «Նոր Հայաստանը», ՀԺԿ-ն և քաղաքացիական սեկտորի վառ դեմքերը մտածում են ավելի լայն դաշինքով հանդես գալու մասին։ ՀԺ-ի տեղեկություններով՝ չի բացառվում նաև, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների մի մասը կմիանա «Ժառանգությանը», և կուսակցության անվանափոխության արդյունքում կստեղծվի նոր քաղաքական ուժ։ Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ժառանագություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։

 

- Պարո՛ն Մարտիրոսյան, առաջիկա ընտրություններում միասնական դաշինքով մասնակցելու հարց քննարկվե՞լ է «Ժառանգությունում» կամ «Նոր Հայաստանում»։


- «Նոր Հայաստանը» նմանատիպ քննարկումներ չի ունեցել, այդ տեղեկությունը չեմ հաստատում։ Իսկ «Ժառանգության» մասով կարող եմ ասել, որ դրանք դեռևս խոսակցությունների մակարդակով են, պաշտոնական քննարկում ասելը ճիշտ չէ։ Մենք դեռ արտահերթ պրոցեսներին ենք աջակցում։ Երբ ժամանակը գա, ընտրությունների հետ կապված հարցերը կքննարկենք։

 

- Իսկ «Ժառանգություն» կուսակցության անվանափոխության և նոր քաղաքական ուժ ստեղծելու վերաբերյալ հրապարակումն ինչպե՞ս կմեկնաբանեք։ Դուք՝ որպես կուսակցության փոխնախագահ, հավանական համարո՞ւմ եք դա։


- Հավանականությունն արդեն տեսության ոլորտից է, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ուստի՝ ո՛չ կհաստատեմ, ո՛չ էլ կժխտեմ, բայց դա արդեն քաղաքական մեկնաբանության խնդիր չէ։ Այս պարագայում միայն կարող եմ ասել, որ նման քննարկումներ չեն եղել, որ «Ժառանգության» անվանափոխություն լինի կամ այլ բան: Հունիսին մենք մեր հերթական համագումարն ենք անելու, իսկ հիմա նման հարցերի պատասխանելը տեսական դաշտից կլինի։ Եթե իրավիճակ ստեղծվի, նոր այդ հարցին պատասխան կտրվի, իսկ այս պահին իրավիճակին մոտ պահ անգամ չկա, ուր մնաց պատասխան լինի:

 

- Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ եք կարծում՝ ձեզ կհաջողվի երրորդ անգամ ժողովրդին մոբիլիզացնել, ոտքի հանել, հաշվի առնելով նախորդ երկու ձախողումները։


- Չեմ կարող ասել։ Չեմ ասի, որ շատ մեծ ձախողումներ են եղել, բայց համենայնդեպս, այն նպատակը, որն ունեցել ենք, չենք արել։ Դրա համար հիմա չեմ կարող ասել՝ ինչպես կլինի։ Տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է երկիրը հայտնվել, արդեն զեկույցներում խոսվում է, որ Հայաստանում թերսնուցում է տեղի ունենում, երեխաների մոտ։ Ավելի շատ բան չեմ կարող ասել, քան ասեցի, մնացածը ժամանակի հարց է։

 

Քրիստինա Աղալարյան