Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում: 

 

ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից' կիրառվել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ):

 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

 

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն' ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնագծի ողջ երկայնքով ավելի քան 70 անգամ խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը' հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում' շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:

 

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ի պատասխան' ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ քայլերի և ճնշել հակառակորդի ակտիվությունը: Ղարաբաղյան ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել սահմանային բնագծի հուսալի պաշտպանությունը»: