Բազմաթիվ սպառողներ շարունակում են տուժել` կարծելով, թե օգտվում են էլեկտրաէներգիայի գիշերային սակագնից…

 

Երբ մարդիկ անցյալ տարի փակել էին Բաղրամյան պողոտան, ցույցերի, նստացույցերի միջոցով իրենց արդարացի բողոքն էին հայտնում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման առնչությամբ, ցուցապաստառներից մեկի վրա գրված էր` «Աուդիտ եք անում, որ ի՞նչ անեք»: Թեև այն ժամանակ էլ այս հարցի պատասխանը պարզ էր, բայց հիմա արդեն դժվար թե որևէ մեկը կասկածի, որ այդ ձևական միջոցառման նպատակը հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելը, մարդկանց ըմբոստությունը մեղմելն ու ժամանակ շահելն էր:

 

Նույն նպատակին ծառայեցվեց նաև կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագների մեկ տարով, այսինքն` ժամանակավոր սուբսիդավորումը, որը մի քանի ամսից կավարտվի:


Հուլիսի 31-ից հետո մենք բոլորս կկանգնենք կոտրած տաշտակի առջև` ստիպված լինելով 1 կիլովատ ժամի դիմաց վճարել 49 դրամ` անկախ նրանից ամսական մինչև 250 կիլովատ ենք օգտագործել, թե դրանից ավելի: Ծանր վիճակում կհայտնվեն նաև ամսական մինչև 500 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող փոքր ու միջին ձեռնարկությունները: Հույս կա, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող գազի գնի վերջին նվազեցումից ամիսներ հետո որոշ չափով կնվազեցվեն նաև էլեկտրաէներգիայի սակագները, բայց դե բոլորին էլ պարզ է, որ մենք առաջիկայում կունենայինք էլեկտրաէներգիայի սակագների ավելի ցածր մակարդակ, եթե անցած տարվա անհիմն բարձրացումը չլիներ:


Բիբինն, ի վերջո, «բիբինվեց» Հայաստանից, բայց դրանից էլեկտրաէներգիայի սակագները նվազեցի՞ն, գողությունները, չարաշահումները համակարգում վերացա՞ն… Դրական առումով միայն այն փոխվեց, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը պայքար սկսեց ՀԷՑ-ի, այսինքն` իրենից գողությունների դեմ, բայց բնակչությունից գողությունները վերացվեցի՞ն… Առայժմ միայն հայտարարվել է դրա դեմ պայքարի պատրաստակամության մասին, բնակիչներից էլեկտրաէներգիաի գողությամբ զբաղվող էլեկտրիկներին աշխատանքից խայտառակ կերպով հեռացնելու, առավել ևս` նրանց արարքն իրավապահների ուշադրությանն արժանացնելու, գող էլեկտրիկներին դատելու մասին տեղեկություններ ինչ-որ չենք հիշում…


Ֆեյսբուքի օգտատերերից մեկը` Վահագն Սարոյանը, իր հետևյալ գրառմամբ, կարծում ենք, միանգամայն ճիշտ է արտահայտել առկա իրականությունը:

 

«Էլեկտրիկները, կարծես, անձեռնմխելի կաստայի են վերածվում մեր իրականության մեջ»:

 

Հոսանքի գնի թանկացմանը հաջորդած կառավարության կողմից սուբսիդավորումը մեղմեց հանրության շրջանում հոսանքի գնի վերաբերյալ բողոքն ու դժգոհությունները, սակայն մի նոր դժգոհախառն երևույթ է զարգանում, որը կրկին կապված է հոսանքի համար կատարած վճարումների հետ:

 

Ի՞նչ է պարզվում, ՀԷՑ-ի սպասարկման ոլորտում «էլեկտրիկ»-ի հաստիքը զբաղեցնող անձինք տարբեր մեքենայությունների են դիմում, մասնավորապես, ըստ լրատվամիջոցների հրապարակումների ու ռեպորտաժների, քաղաքացիների հաշվին մաքրում են իրենց վրայից հոսանքի կորուստները՝ առաջացնելով բնակիչների դժգոհությունները: Իսկ այդ դժգոհությունը բնակիչը ոչ թե ուղղում է կոնկրետ մեքենայությունը կատարողի, այլ ավելի բարձր օղակների ուղղությամբ, ընդհուպ մինչև իշխանություններ:


Այսինքն` ստացվում է, որ ոմն էլեկտրիկ Ռոմիկը (անունը պայմանական է ընտրված) մեկին հոսանք է «գրեֆ» անում, մյուսին էժանով է ծախում, իսկ այդ, այսպես ասած, վատնումը կամ ունեցած կորուստները մաքրում է՝ հանելով մյուսի հաշվիչի միջից՝ «խիմիչիտ» անելով դրանք տարբեր լաբորատոր միջամտություններով, ու այդ մեքենայությամբ առիթ է տալիս, որ բնակիչը իր հայհոյախառն դժգոհությունն արտահայտի ոչ թե իր, այլ ավելի բարձր օղակի նկատմամբ: Արդյունքում օգտվում է էլեկտրիկը, տուժում է բնակիչը, հայհոյանքը ստանում է իշխանավորը»:

 

Սակայն սա խնդրի դեռ մի կողմն է. այն տպավորությունն է, որ ՀԷՑ-ը նույնպես դեմ չէ բնակիչների հաշվին հարստանալուն, սակայն ոչ թե գողության, այլ «քաղաքակիրթ տեխնոլոգիայի» շնորհիվ: Թե խոսքը մասնավորապես ինչի՞ մասին է, առաջիկայում հանդես կգանք առանձին հրապարակմամբ:

 

Արթուր Հովհաննիսյան