Փարիզի առևտրային դատարանի որոշումով ֆրանսիական ֆուտբոլային «Լանս» ակումբը, որը պատկանում էր ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, նոր սեփականատեր ունի: Այն դարձել է «Սոլֆերինո» ընկերությունը, որի հետևում կանգնած են Մադրիդի «Ատլետիկոյի» ներկայացուցիչներ Իգնասիո Ագուիլոն (մադրիդյան ակումբի վարչական խորհրդի անդամ), Միգել Անխել Հիլը («Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն), ինչպես նաև բրիտանական ներդրումային AmberCapital ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում են ծագումով հայ լիբանանցի Ժոզեֆ-Մարի Օգուրլյանն ու ֆրանսիացի Ժիլ Ֆրետինյեն:

Այս մասին հայտնում է ադրբեջանական virtualaz.org կայքը՝ նշելով, որ Հաֆիզ Մամեդովը «Լանս» ակումբի վրա 26 մլն եվրո ֆինանսական միջոցներ էր ներդրել: Սակայն, Մամեդովի RCL հոլդինգը, որը հանդիսանում էր «Լանսի» սեփականատերը, մայիսի 4-ին Ֆրանսիայում սնանկ էր հայտարարվել՝ հաշվի վրա ունենալով ընդամենը 5735 եվրո:

Ադրբեջանում հերթական հիստերիան է առաջացրել այն փաստը, որ ակումբն ադրբեջանցուց անցել է հային:

Նշենք, որ «Լանսը» 1998թ-ին եղել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև Ֆրանսիայիի գավաթի եռակի դափնեկիր է: