ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քառօրյա պատերազմից հետո վերականդանացման բաժանմունքում դեռևս երեք զինծառայող կա. «Այսօր Ռոլանդին կարողացել են բակ իջեցնել' մաքուր օդի, բոլորի մոտ կայուն դինամիկա կա' դրական միտումներով, և հուսով եմ՝ շուտով կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ»,- ասաց նախարարը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև Գերմանիայում բուժում ստացող Արման Լազգիյանին, ով այժմ բուժումը շարունակում է այնտեղ: Զինվորի ծնողները բողոքում են, որ բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, սակայն Կառավարությունը նրանց չի աջակցում, Արմեն Մուրադյանը մասնավորապես ասաց. «Արմանի մոտ կայուն վիճակ է, գրեթե ամենօրյա կապի մեջ ենք իրենց հետ և Համբուգի հիվանդանոցի հետ, որտեղ նա անցնում է իր բուժումը: Եվ ակնկալիքներ կան, որ հետագայում տեղափոխեն նեղ մասնագիտացած հիվանդանոց»:

 

Արմեն Մուրադյանի խոսքով` Հայաստանի Կառավարությունն իրականացնում է բոլոր հնարավոր միջոցառումները' զինվորների բուժական օգնությունը պետական ծրագրերի շրջանակում իրականացնելու համար: