ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանները ԼՈՒՐԵՐ.com-ի հարցերին:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից հետո, ելույթ ունենալով մի խումբ զինվորականների առաջ, «Թուրան» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ասել է, որ Ադրբեջանն «իր պատմական հողերում» թույլ չի տա հայկական երկրորդ պետությունը ստեղծել, որ ԼՂ-ի անկախության հարցը «երբեք բանակցությունների թեմա չի եղել», և որ խնդիրը կարող է լուծվել միայն փուլային ճանապարհով:

 

Հայաստանի համեմատ գրեթե պատմություն չունեցող Ադրբեջանի առաջնորդն առաջին անգամ չի բարբաջում, որ Ադրբեջանն «իր պատմական հողերում» թույլ չի տա հայկական երկրորդ պետությունը ստեղծել' անտեսելով այն պարզ և ակնհայտ իրողությունը, որ ոչ թե Ադրբեջանի, այլ իր իսկ հողերի վրա այդ պետությունը' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ավելի քան 20 տարի է արդեն, ստեղծված է: Սակայն անտեղյակ ու կասկածամիտ մարդկանց շրջանում կարող է հարց առաջանալ' Լեռնային Ղարաբաղի անկախության հարցն իսկապես չի՞ եղել բանակցությունների առարկա: Ի պատասխան այս կապակցությամբ ԼՈՒՐԵՐ.com-ի հարցման, ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանը հետևյալն է.



«ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը և դրա ճանաչումը Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի անկյունաքարային հարցն է։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարարը անցյալ շաբաթ «Արմեպրես» գործակալությանը տված իր մեկնաբանության մեջ»:

 

Զինվորականների առաջ իր հիշյալ ելույթում Ալիևը, ըստ նույն աղբյուրի, հայտարարել է նաև, որ ինքը չի համաձայնել ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար ադրբեջանական և արցախյան զորքերի շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմ և դիտորդներ տեղակայելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պայմանին, որ այն չի ընդունվել, և մեկ անգամ ևս սպառնացել է, որ բանակցությունները սառեցվելու կամ խախտվելու դեպքում իրենք կդիմեն ուժային լուծման:

 

Ալիևն ասել է նաև, որ Ադրբեջանական կողմը մասնակցել է բանակցություներին չընդունելով որևէ պայման, և որ Վիեննայի հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:

 

«Գտնում եմ, որ այն դրական արդյունքներ է ունեցել,- ասել է Ադրբեջանի նախագահը: Այսինքն' հայկական կողմի առաջ քաշած պայմանները չեն ընդունվել: Վիեննայում ադրբեջանական կողմը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Ուղղակի համանախագահող երկրները հանդես են եկել հայտարարությամբ, դա նրանց հայտարարությունն է»:

 

Որ Սանկ Պետերբուրգում Ալիևը չի համաձայնել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար ադրբեջանական և արցախյան զորքերի շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմ ներդնելու ՀՀ նախագահի ավելի վաղ և Սանկտ Պետերբուրգում էլ ներկայացրած առաջարկին (միջազգային միջնորդները նույնպես դեռ Վիեննայի գագաթաժողովին և ավելի վաղ էլ ներկայացրել են այդ առաջարկը), դարձյալ նորություն չէ, սակայն սո՞ւտ չէ արդյոք Ալիևի ասածը, որ ինքը չի համաձայնել նաև հակամարտ զորքերի շփման գծում դիտորդներ տեղակայելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պայմանին: Կամ' իրականությանն արդյոք համապատասխանո՞ւմ է Ալիևի այն հայտարարությունը, որ Վիեննայի հանդիպմանը հայկական կողմի առաջ քաշած պայմանները չեն ընդունվել: Վիեննայի հանդիպումն իսկապե՞ս ԱՄՆ-ի նախաձեռնությամբ է կայացել:


ԼՈՒՐԵՐ.com-ի այս հարցերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է.


«Նման պայմանավորվածության մասին վկայում են Վիեննայի գագաթաժողովի արդյունքում ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես նաև պետերբուրգյան գագաթաժողովին նախագահների կողմից ընդունված հայտարարությունը:

 

Վիեննայի գագաթաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախաձեռնությամբ՝ համագործակցաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի»:

 

«Մենք դրական ենք գնահատում Սանկտ Պետերբուրգի հանդիպումը,- զինվորականների առջև իր հիշյալ ելույթի ընթացքում ասել է Ալիևը: -Մենք բանակցությունների ենք գնում չընդունելով ոչ մի պայման: Սանկտ Պետերբուրգում քննարկվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի 6 աշխատակիցների թիվը 2-2,5 անգամ մեծացնելու մասին: Այստեղ խոսք չկա մեծ առաքելության մասին: Չի փոխվում նաև գրասենյակի մանդատը»:

 

Մեր հարցին, թե իրականությանն արդյոք համապատասխանո՞ւմ է Ադրբեջանի նախագահի ասածը, որ Սանկտ Պետերբուրգում քննարկվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի 6 աշխատակիցների թիվը 2-2,5 անգամ մեծացնելու հարցը, և այնտեղ խոսք չի եղել մեծ առաքելության մասին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը տվել է հետևյալ պատասխանը.

 

«Պետերրբուգում ձեռք բերված պայմանավորվածությունները արտացոլված են նախագահների համատեղ հայտարարության մեջ։ Ավելին այս պահին ասել չեմ կարող»:

 

Ընդգծենք, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները նախագահների համատեղ հայտարարության մեջ ամբողջությամբ չէ, որ արտացոլված են, օրինակ, որևէ տեղեկություն չկա, թե ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների, այսինքն' միջազգային դիտորդների թվաքանակը քանիսով է ավելանալու: Արտգործնախարարությունից ստացված պատասխանը հուշում է, որ կամ ճիշտ է այս մասով Ալիևի պատասխանը, կամ էլ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն ձեռք չի բերվել դիտորդների թվաքանակի վերաբերյալ:

 

Ալիևը նույն ելույթում այլ հայտարարություններ էլ է արել, որոնց առաջիկայում դեռ կանդրադառնանք, սակայն պարզ է արդեն, որ նա գործընթացը թեքում է դեպի պատերազմ, եթե, իհարկե, չի զբաղված քաղաքական դերասանությամբ' ներքին պահանջը բավարարելու, մյուս կողմից էլ Հայաստանի և «միջազգային հանրություն» կոչվածի վրա ճնշում գործադրելու նպատակով:

 

Արթուր Հովհաննիսյան