Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած հայ ազատամարտիկները մոտ 200-ն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների խորհուրդ» ՀԿ նախագահ, արդեն 24 տարի անհետ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայր Ռիմա Առաքելյանը:

 

«Կարող եմ ասել, որ խնդիրը ադրբեջանական կողմի շփման բացակայությունն է մեզ հետ: Ոչ մի կերպ հնարավոր չէ կազմակերպել հադիպում: Եթե Ադրբեջանում չլինի Կարմիր խաչի գրասենյակը, մենք ընդհանրապես ոչինչ չենք ունենա»,- նշեց ՀԿ-ի նախագահը:

 

Նրա խոսքով՝ ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն ունի գերիների փնտրման աշխատանքներով զբաղվող մասնագիտացված աշխատանքային խումբ, որի աշխատանքներում կա առաջընթաց:

 

«Արդյունքների մասին դեռ ռեալ որեւէ բան ասել չեմ կարող: Որոշակի ճշտումներ են իրականացվում, սակայն հավաստիացնում եմ՝ աշխատանքներն առաջ են գնում: Պարզապես այդ ճշտումներն էլ են բավականին բարդ, ադրբեջանական կողմը ընդհանրապես մոտ չի գալիս աշխատանքին, նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում իրենց անհետ կորածները: Իսկ մենք դեռ հույսներս չենք կորցնում»,-ասաց նա:

 

Հայաստանում հունիսի 29-ը նշվում է որպես հայրենիքի համար նահատակվածների և անհետ կորածների հիշատակի օր: