Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչության գործով ձերբակալված 13 անձի նկատմամբ կալանքի որոշում է ընդունվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Ձերբակալվածները նախ հարցաքննվել են, ինչից հետո դատախազությունը «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «ծրագրավորված սպանությանն աջակցելու» մեղադրանքներով նրանց կալանավորելու որոշում է կայացրել:

 

Ուշագրավ է, որ կալանավորվածներից երկուսը Ռուսաստանի, իսկ մեկն Ադրբեջանի քաղաքացիներ են:

 

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում, ընդ որում, 20-ը հատուկ հսկողության տակ են: