Երեկ Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու, այդ թվում՝ Կիևի նախկին քաղաքապետի որդուն, որոնք կասկածվում են ուկրաինական կազմակերպված հանցավոր խմբավորումների փողերի լվացման մեջ: Իրավապահները ենթադրում են, որ անօրինական փողերի լվացումը կատարվում է նաև Բարսելոնայում հայտնի ճապոնական Yubari ռեստորանի միջոցով, որի սեփականատերը հայազգի Արման Մայիլյանն է, հայտնում է France-Presse-ը:

 

Ըստ լրատվամիջոցի` բարձրակարգ այս ռեստորանում են ճաշում կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատարներ արգենտինացի Լիոնել Մեսին և բրազիլացի Նեյմարը: Դատախազությունը կարգադրել է փակել ռեստորանը և պահանջել ձերբակալել Արման Մայիլյանին:

 

Անօրինական փողերի լվացման հանցավոր խմբավորման ղեկավարը համարվում է Կիևի նախկին քաղապետի որդի Ստեպան Չեռնովեցկին: Նա Բարսելոնայում ձերբակալվել է ուրիշ կասկածյալների հետ: Ձերբակալվածների մեծ մասը ռուսներ և ուկրաինացիներ են: Դատախազությունը նրանց մեղադրում է հանցավոր խումբ կազմելու, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու և հարկեր թաքցնելու մեջ:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը հայտարարությունում նշել է, որ կասկածյալները ավելի քան 10 միլիոն եվրոյի փողերի լվացում են կատարել` Կիպրոսում ու Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունների միջոցով անշարժ գույք գնելով Իսպանիայում:

 

Ստեպան Չեռնովեցկիի հայրը՝ Լեոնիդ Չեռնովեցկին Կիևի քաղաքապետ է եղել 2006-2012 թվականներին: Նա հայտի է իր էքսցենտրիկ բնավորությամբ, որի համար ստացել էր «Լյոնյա Կոսմոս» մականունը: Մինչև 2008 թվականը նրան էր պատկանում ուկրաինական «Պրավեքս» բանկի վերահսկիչ փաթեթը: 2008-ին իտալական «Ինտեսա Սան Պաոլո» ընկերությունը բանկը գնել է 750 միլիոն դոլարով:

 

Չեռնովեցկի ավագը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է, թե իր որդին չի ձերբակալվել՝ Բարսելոնայում, տանը ոստիկանները նրան հարցեր են տալիս այլ անձանց հետ կապված: