Ռուսաստանը մտահոգված է Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, սակայն վստահ է, որ իր հարավային սահմաններին անվտանգությունը բարձր մակարդակի վրա է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին խոսել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

«Երկրի անվտանգությունն իր սահմանների երկայնքով ապահովված է անհրաժեշտ մակարդակի վրա: Այդուհանդերձ, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ստացված վերջին միջադեպերի առնչությամբ»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում առկա իրադրությունը չի կարելի նույն կերպ մեկնաբանել:

 

«Ամեն առանձին դեպք պետք է ուսումնասիրվի անհատական կերպով: Մի դեպքում դա պետական հեղաշրջման փորձ էր, որը մեծ թվով մարդկային զոհերի պատճառ դարձավ: Մյուս դեպքում, դա հանցավոր արարք էր: Սակայն մենք ցանկանում ենք տեսնել մեր հարևաններին որպես կայուն, բարգավաճ և կանխատեսելի պետություններ: Եվ այդ դեպքում մենք ունենք բոլոր հիմքերը' հավատալու, որ մեր հարևաններն ունեն նմանը լինելու ներուժը»,- ասել է Պեսկովը:

 

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց' պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

 

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանության վրա, որի հետևանքով զոհվել է չորս մարդ: 7 ոստիկան վերակենդանացման բաժանմունքում է: Ղազախստանի բանակը ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել: Ալմաթիում գործում է ահաբեկչական վտանգի առավելագույն' «կարմիր» մակարդակ: Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է իշխանության կողմնակից 208 մարդ, որից 60-ը' ոստիկան, 3-ը' զինվոր, 145-ը' քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է: Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է: