Ինչպիսի ելք էլ ունենան հուլիսի 17-ին սկսած դեպքերը, ինչպիսի հանգուցալուծում էլ ստանան, անվիճելի է մնում մեկ բան՝ Հայաստանի ներքին կյանքն այլևս երբեք նույնը չի լինելու.ապստամբությունը, հիրավի, դարձավ այն փորձաքարը, որին բախվելով՝ հայաստանյան քաղաքական ուժերը, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, կարելի է ասել՝ իսպառ զրկվեցին իրենց քաղաքական կապիտալից (եթե, իհարկե, ունեին), այլևս անվիճելի դարձնելով այն դաժան ճշմարտությունը, որ հայաստանյան ներքաղաքական դաշտն ու դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող կուսակցությունները վաղուց գտնվում են մարգինալիզացված կարգավիճակում՝ վերածված բացառապես ոմանց կողմից հացի փող աշխատելու կենցաղային գործիքի:


Բայց ողջ խնդիրն այն է, որ, եթե ասենք, նույն իշխանականները, պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով, ունեն պոտենցիալ հետագայում, այսպես ասած, սեփական ներուժը վերականգնելու ու հաջողությամբ անցնելու փորձություններով լի այս ժամանակահատվածը, ապա ոչ իշխանականները կամ ընդդիմադիր կուսակցություններն (կեղծ, թե իրական) այդ պոտենցիալը, պարզապես, չունեն, քանի որ ոչ միայն չունեն ժողովրդական լայն զանգվածների անվերապահ աջակցությունն իրենց թիկունքին, այլև չունեն այն նյութական ու մարդկային ռեսուրսները, որոնք կարող էին հարկ եղած դեպքում գործի դրվել ու ծառայեցվել համընդհանուր նպատակին:

 

Ասել կուզի՝ ընդդիմության՝ վերջին օրերի աննախադեպ պասիվությունը կարող է խիստ թանկ նստել իրենց այդպիսին հռչակած քաղաքական ուժերի վրա, անվերադարձ պատմության գիրկն ուղարկելով բոլոր այն կուսակցություններին, որոնց մենք սովոր էինք «թամաշա» անել Ազգային ժողովում. փաստորեն, ստացվեց այնպես, որ ԱԺ-ում իսկական շոու հիշեցնող ելույթները կատարյալ փուչիկ դուրս եկան, իսկ ամբիոններից իրենց օր ու գիշեր պատռող քաղաքական գործիչներն էլ ակամա դիմակազերծվեցին՝ խայտառակելով իրենց գաղափարական մերկությունն ու քաղաքական սնանկությունը (քաղաքական գործիչների բուն պարտականությունը ոչ թե «հյութեղ» ելույթներ ունենալն է, այլ կրիտիկական իրավիճակներում ժողովրդի կողքին գտնվելը):

 

Իսկ ասվածի հիմք ծառայում է մարդկային պարզ տրամաբանությունը. եթե ժողովուրդը, որպես սեփական շահերն արտահայտող հիմնական ուժ, այլևս դիտարկում է ապստամբներին, ուրեմն փողկապավոր ընդդիմադիրների գոյության իմաստն արդեն իսկ վերանում է. էլ չեն կարողանալու բացառապես բառախաղերի միջոցով ընդդիմադիր ձևանալ. հասարակությունը նրանցից պահանջելու է կոնկրետ գործողություններ, որոնց, հասկանալի պատճառներով, մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարող գնալ. դա նրանց համար ինքնաոչնչացմանը հավասար քայլ կլիներ, կամիկաձեության պես մի բան:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ