Վերջին 1,5 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից գնդակոծությունների և հրետակոծությունների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ գոտում վնասվել է շուրջ 1600 առանձնատուն, զոհվել է 7 խաղաղ բնակիչ: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի կայքը, այս մասին նշել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ԱՄՆ սենատի' Թոմաս Գոֆֆուսի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը:

 

Մարզպետը նաև խոսել է գյուղատնտեսության բնագավառին հասցվող այն վնասների մասին, որոնք տեղի են ունենում և' գարնանը գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպելու ժամանակ, և' բերքահավաքի ընթացքում: Նշվել է նաև միջպետական և հանրապետական ճանապարհների ուղղակի նշանառության տակ գտնվող հատվածների գնդակոծության և հրետակոծության դեպքերի մասին: Մարզպետը պատվիրակության ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ են ադրբեջանցիների կողմից սահմանամերձ համայնքների մանկապարտեզները և դպրոցները նշանառության տակ պահելու դեպքերը: Չնայած նրան, որ համապատասխան ծրագրերով այդ ուղղությամբ կատարվել են որոշակի պաշտպանական միջոցառումներ' պաշտպանիչ պատեր, լուսամուտների բացվածքների փոքրացում, դպրոցներում և մանկապարտեզներում ապահով սենյակների ստեղծում, բայց երեխաների ապահով շարժը դեռևս վտանգված է: Իրենց համայնքներում տիրող իրավիճակի մասին առավել մանրամասն ներկայացրել են նաև սահմանամերձ Բաղանիս, Չինարի և Բերքաբեր համայնքների ղեկավարները: