«Հիմա Հանրապետականները ուզում են, որ մենք մտնենք իրենց դաշտ, որտեղ իրենք ուժեղ են: Այսինքն մենք մտնենք իրենց դաշտ, որ իրենք ծեծ ու ջարդը հիմնավորեն: Իսկ մեզ դա պետք չէ: Իրենք պետք է բերել մեր դաշտ: Ընդամենը ժողովուրդը պետք է գա այստեղ ու ապացուցի, որ ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամ, «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը՝ խոսելով հետընտրական զարգացումների մասին: ԳԱԼԱ-ի այն հարցին՝ ի՞նչ գնահատական կտա հետընտրական զարգացումների վերաբերյալ սոցիալական ցանցերում օգտատերերի արձագանքներին, Դավիթ Սանասարյանը նշեց, որ սոցիալական ցանցերում արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ ընդհանուր առմամաբ դրական էր, բացառությամբ ՀՀԿ-ական փոքրամասնության:

«Միայն աշոտյաններն են, որ իրենց ճղճիմ ձևով են պահում: Ցանկություն չունեմ ոչ Աշոտյան մեկնաբանել, ոչ էլ Շարմազանով: Իմ մեկնաբանությունը նրանց՝ դա մեջքով կանգնելն է: Եթե իրենք ասում են, որ Րաֆֆին խեղկատակ է, ես չեմ իջնելու իրենց մակարդակին ու ասեմ՝ խեղկատակը դուք եք, ես իրենց մեջքով եմ կանգնելու»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Ինչ վերաբերվում է այն դժգոհություններին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները հստակ չեն, Դավիթ Սանասարյանը նշեց, որ պահանջները շատ հստակ են, ժողովուրդը քվեարկել է, և հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ուրեմն նրան պետք է տալ համապատասխան լիազորություններ: Անդրադառնոլավ միջազգային դիտորդների գնահատականներին, նա կարծիք հայտնեց, որ միջազգային դիտորդները իրենց աշխարհաքաղաքական շահերը նկատի ունենալով, կարող են շատ բան ասել ու գնահատականներ հնչեցնել, բայց միակ ճշմարիտ դիտորդը քաղաքացին է, ով ոչ միայն դիտորդ էր ըստ էության, այլ նաև քվեարկող:

«Արցախի հարց կա, Րաֆֆին ասել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը, իսկ դա շատ պետությունների ձեռք չի տալիս: Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ եթե Եվրոպան կարողացավ ճանաչել Կոսովոյի անկախությունը, ինչը քաղաքական որոշման արդյունքն է եղել, ուրեմն Արցախն էլ պետք է ճանաչեն, բայց քանի որ շատ պետություններ ինչ-ինչ նյութական շահեր ունեն Ադրբեջանում, իրենց ձեռնտու չէ Արցախյան հարցի հանգուցալուծումը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությանը, նա կարծիք հայտնեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, նա բնականաբար նշանակելու է նոր խորհրդարանական ընտրություններ, քանի որ այս խորհրդարանը չի արտացոլում հասարակական-քաղաքական կյանքի իրական պատկերը:

Մելանյա Մելքումյան