Երեկ Քննչական կոմիտեի Մարտունու բաժին բերման է ենթարկվել Սևանի քաղաքապետ Ռուբիկ Ղուկասյանը, ով ակնհայտորեն ապրում է քրեական բարքերով և ավելի շատ հայտնի է Ուդո մականունով: Ասում են՝ Ղուկասյանը մեղադրվում է ստորգետնյա խողովակների յուրացման գործով և ես հավատում եմ դրան՝ ՈՒդոյի կերպարը հաշվի առնելով, ու հատկապես հիմք ընդունելով այն տխուր օրինաչափությունը, որ մեր քաղաքապետերի ու գյուղապետերի մեծամասնության համար այս մեղադրանքը սովորական բան է դիտվում:

 

Այլ խնդիր է, թե ինչու են հիմա հիշել Ղուկասյանին, երբ նրա ողջ գործնեությունը խնդրահարույց է քրեական օրենսգրքի տեսանկյունից: Այս հարցի պատասխանը, ցավոք, դարձյալ լիովին տեղավորվում է մեր մենթալիտետային առանձնահատկություններում: Ուդոյի հանցագործությունները նախկինում հանդուրժվել, նույնիսկ խրախուսվել են, որովհետև նա իշխանության «մարդն է» եղել, իշխանության համար ընտրություն է կեղծել, ու նաև՝ «բարեխիղճ մուծվող» է եղել: Հիմա իրավիճակը փոխվել է: Իշխանությունը որոշել է հոկտեմբերի 2-ին այլ մարդու դարձնել Սևանի քաղաքապետ և վախեցնում է Ռ. Ղուկասյանին, ով, ի հեճուկս իշխանության ցանկության, առաջադրվել է, և փորձում է պահպանել իր պաշտոնը: Հայաստանն իրավական երկիր չէ: Մեզանում էլ մարդու հանցագործությունները ներվում են, երբ նա իշխանության մեջ է կամ նրա սիրելին:

 

Նույն մարդը կարող է հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում կորցնել իր «անձեռնմխելիությունը»՝ իշխանության համար անցանկալի դառնալուց հետո: Նույն Ուդոյի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել, եթե նա երեկվանից հետո «դարձի» գա և հրաժարվի ընտրապայքարից: Ի դեպ, այն որ Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե իրավական մեխանիզմների, այլ կոմպրոմատների վրա, հաստատում է նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Այն հանգամանքը, որ, սովորաբար իշխանությունները փորձում են կոմպրոմատները ջրի երես հանել, դա խոսում է այն մասին, որ կոմպրոմատներ կան: Իսկ եթե դրանք կան, դա արդեն խոսում է թեկնածուի խոցելիության մասին»,- վերջերս մեկ այլ ընտրության առիթով ասել է հանրապետական պատգամավորը:

 

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

 

Սարգիս Հակոբյան