Հունիսյան իրադարձությունները հասարակության մի ստվար զանգվածի մոտ ձևավորեցին կարծիք, թե Հայաստանում փակված է ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու ճանապարհը: Սակայն այս ոգևորությունը շատ կարճ տևեց և մարդիկ արագ հասկացան, որ «Սանսա ծռերի» ակցիան մեկանգամյա է՝ առանց քաղաքական հաջորդական քայլերի և հեռանկարի: Հասարակության առավել ինտելեկտուալ խմբերը ի սզբանե բռնությունը հակադրում են քաղաքականությանը՝ համարելով, որ այն վերջանում է, երբ հնչում են կրակոցներ: Մյուս կողմից, ՏԻՄ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները մշակել են ընտրական գործընթացը մանիպուլացնելու այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են իշխանության վերարտադրությունը, եթե նույնիսկ նույն այդ իշխանությունը Գյումրիի և Վանաձորի ընտրությունների օրինակով չի ստացել քվեների անգամ քառասուն տոկոսը: Իշխանության վերարտադրության նոր տեխնոլոգիաները շատ ավելի ազդու են քան ԸՕ-ի բարեփոխումները, համակարգային փոփոխությունների վիրտուալ խոստումները, կամ ընդդիմության համախմբման բարձրագոչ կոչերը:

 

Հասարակությունն իր մեծամասնության մեջ ընդդիմադիր է, սակայն հայտնվել է, ըստ էության, փակուղային իրավիճակում՝ ելքերի իմաստով: Ժիրայր Սեֆիլյանը բանտից առաջարկում է բոյկոտել ընտրությունները, և պատրաստվել ապստամբության: Արտաքուստ գայթակղիչ առաջարկություն է, սակայն գործնականում անիրագործելի: Փոփոխությունների ձգտող հասարակության զգալի մասը դեմ է բռնություններին, մյուսները՝ Սասնա ծռերն արդեն նույնացնում են ոչ թե պայքարի և հաղթանակի, այլ քաղաքական հալածանքների և բանտի հետ: 

 

ՀԱԿ-ն ու «Համախմբումը» նախընտրական կոնսոլիդացիոն նախաձեռնություններով են հանդես գալիս: Խոստանալով՝ խորհրդարանական ընտրությունների միջոցով, հասնել իշխանափոխության: ՀԱԿ-ի խոստացած թավշյա հեղափոխությունը հեգնանքի պես մի բան է, երբ մարդիկ հիշում են, որ այս կուսակցությունը վերջին տեղում էր Գյումրիի և Վանաձորի ընտրություններում և չուներ անգամ մարդկային մինիմալ ռեսուրսներ՝ ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու համար:

 

Կոնսոլիդացիոն կենտրոն չի կարող լինել նաև «Համախմբումը»՝ իր առաջնորդի քաղաքական խարիզմայի բացակայության, քաղաքական այն ստվերի պատճառով, որ կա այս կուսակցության շուրջ: ՀԱԿ-ի կամ «Համախմբման» ծրագրերն ուղղակի կամ անուղղակի կապված են առաջին և երկրորդ նախագահների քաղաքական ռեաբիլիտացիայի հետ, դատապարտված են ձախողման, որովհետև առնչություն չունեն փոփոխությունների հանրային օրակարգի հետ:

 

Մեր հասարակությունն ուզում է փոփոխություններ, սակայն այդ ձգտումը բախվում է մի կողմից ամեն գնով վերարտադրվելու իշխանությունների զոռբայությանը, մյուս կողմից՝ ոչ կենսունակ ընդդիմության իրականությանը:

 

Մինչև 2017թ.-ի ապրիլին մեր ընդդիմադիրները կվիճեն, ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, դաշինք կազմել-չկազմելու շուրջ: Այս անպտուղ վեճերի ընթացքում ավելի «ճարպիկները» կպայմանավորվեն իշխանությունների հետ, որոնք «կառավարելի քաոսի» իրենց ծրագրով կլուծեն սեփական վերարտադրության խնդիրը: Տխուր այս ընթացքը կարող են կասեցվել, և 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին առաքելություն հաղորդեն նոր մարդիկ, թարմ գաղափարներով և որ ամենակարևորն է, փոփոխությունների հանդեպ հանրային վստահություն ներշնչող իրենց քաղաքական այցեքարտով:

 

Սարգիս Հակոբյան