Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները:

 

Այս մասին Ուորլիքը գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: 

 

Անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի համանախագահի՝ պաշտոնից հեռանալուն, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը նշեց.

 

«Նրա հեռանալը չի նշանակում, որ փոխվելու է ԱՄՆ-ի քաղաքականությունը, և տվյալ դեպքում դա որևէ ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ղարաբաղի հետ կապված որոշ հայտարարություններ անելով՝ նա փորձել է ինչ-որ թեմաների մասին խոսել, բայց դրանով իր կարծիքն է հայտնել որպես դիվանագետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

 

Քաղաքագետի կարծիքով՝ համանախագահի փոխվելը զուտ աշխատանքային բնույթ է կրում, ոչ թե քաղաքական: Սա արտառոց դեպք չէ, ընդունված պրակտիկա է, որ համանախագահները որոշ ժամանակ անց փոխվում են:

 

«Նոր համանախագահից սպասելիքներն այն է, որ շարունակի իր բարձր արհեստավարժական աշխատանքը, լինի անաչառ և անկողմնակալ, ինչն անում էին բոլոր համանախագահները»,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Դավիթ Բաբայանը:

 

Ջեյմս Ուորլիքը զբաղեցնում էր Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը՝ 2013 թվականից: