Հայկական հայտնի ֆիլմում սիրված դերասան Մհեր Մկրտչյանի մարմնավորած հերոսը պատկերավոր նկարագրում էր, որ պետությունը գումար է տնտեսում՝ երկիրը երկիր դարձնելու համար։ Հայաստանում երկրի մասին մտածող չկա. «արծաթասեր» իշխանավորները հոգում են իրենց գրպանի, աշխատասենյակի, մեքենայի մասին՝ անվստահության մեծ պատ կառուցելով իրենց ու թշվառությունից անդին ապրող հասարակ մահկանացուներիս միջեւ։

Բյուջեում փող չկա ու հաջորդ տարի աշխատավարձերը, խեղճ պապիկ-տատիկների թոշակները չեն բարձրանալու։ Մենք մեր չբարձրացված աշխատավարձը 1000 դրամով պակաս ենք ստանալու, որովհետեւ պետությունը փող չունի ու բանակ պահելու խնդիր ունենք։ Մեծ հաշվով՝ այդպես էլ պետք է լինի, որովհետեւ քյասիբի բանակը քյասիբն էլ պահելու է։

Կառավարությունը ուսուցչին քիչ է տալիս, բանվորին գործազուրկ է սարքում, գյուղացուն հողի հետ մենակ է թողնում, որ կառավարության համար՝ 18 մլն 915 հազար դրամով մեքենայի մեկ պահեստամաս գնի։

Հա, ճիշտ հասկացաք՝ խոսքն «ընդամենը» 40.000 դոլարի մասին է։ «Հայկական ժամանակի» տվյալներով՝ այս «համեստ» ձեռքբերումը նախատեսված է կառավարության այս տարվա գնումների պլանով։ Առայժմ պարզ չէ, թե ում մեքենայի «ծյունինգի» համար է նախատեսված այս թանկարժեք ավտոպահեստամասը, որը համարժեք է մի քանի մեքենայի արժեքի եւ թոշակառուի երեսուն տարվա թոշակին։

Ու այս ամենից հետո՝ «վերեւներն» ուզում են, որ մարդիկ իրենց հավատան, հույս ունենան, որ իրենց լկտիությունն ու ագահությունը սահման ունեն։ Նման բան լսելուց հետո՝ ամաչում ես սրանց հետ նույն օրերում ապրելու, սրանց հանդուրժելու ու սրանց հետ «յոլա գնալը» բնավորության գիծ դարձնելու համար։

Սարգիս Հակոբյան