Փետրվարի 11-ին տեղի կունենա ՀՀ Փաստաբանական խորհրդի ընտրությունները: Թեկնածուներն արդեն առաջադրված են: Յուրաքանչյուր վարկանիշային փաստաբան կարող է ընտրել առավելագույնը 12 հոգու: Ընտրություններն անկացվելու են հեռակա կարգով, այսինքն՝ լինելու է քվեաթերթիկ, որով փաստաբանները քվեարկելու են, որից հետո հաշվարկվելու են ձայները:

Ի՞նչ խնդիրներ կան փաստաբանների պալատում, և ընտրվող խորհուրդը ի՞նչ խնդիրների լուծում կտա, այս և այլ հարցերի մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու Կարեն Մեժլումյանի հետ:

«Տարբեր խնդիրներ կան՝ սկսած հանրության իրավագիտակցությունը բարձրացնելուց, վերջացրած փաստաբանների համար այնպիսի միջավայր ստեղծելուց, որ կարողանան իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնել»,- ասաց նա:

Խոսելով խորհրդում իր դերակատարության մասին, ասաց, որ ըստ էության, նոր բան չի լինելու և շարունակելու են անել այն ինչ արել են. «Ամենայն հավանականությամբ խորհրդի նոր անդամներ կլինեն, որոնք իրենց շունչը կբերեն խորհուրդ: Ամեն բան անելու ենք, որ փաստաբանների նկատմամբ վստահությունը բարձրանա, փաստաբանների վստահորդների իրավունքները պետք է առավելագույնս պաշտպանեն, կարգապահական վարույթների դեպքում՝ առանջին խնդիրը դրանց ճիշտ լուծում տալն է»:

Փաստաբանն անդրադարձավ նաև պալատի դրական փոփոխություններին՝ նշելով, որ անցած երեք տարիների համեմատ պալատը ֆինանսապես ավելի լավ վիճակում է, կարողանում է լիարժեքորեն հոգալ իր ծախսերը և նույնիսկ կուտակած գումարներ ունի. «Փաստաբանական ինստիտուտը կարողանում է վերապատրաստման և որակավորման աշխատանքները կազմակերպել: Քանի որ հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է աշխատում, այս ընթացքում հաջողվել է ավելացնել հանրային պաշտպանների թվաքանակը, որի դեպքում երկու խնդիր կա՝ ֆինանսավորման և այս կառույցի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Մենք զրուցեցինք նաև խորհրդի մեկ այլ թեկնածու փաստաբան Հովհաննես Չամսարյանի հետ, ով փաստաբանական պալատում առկա բազում խնդիրներ նշեց. «Առկա խնդիրներից են՝ փաստաբանների չպաշտպանված լինելը, ֆինանսական խնդիրները, որոնց մասին դատողություններ կարելի է անել հայտարարություններից: Խնդիրներ կան նաև կորպորատիվ կառավարման մեջ: Այսօր գործող խորհրդի պարագայում, խորհրդի անդամները փաստաբանների պալատում տարբեր պաշտոններ են զբաղեցնում: Այդ հակակշռման սկզբունքն, ըստ էության, վերանում է, որովհետև ստացվում է՝ խորհուրդը, որը կանոնադրությամբ կոչված է վերահսկողություն իրականացնել պալատի տարբեր ստորաբաժանումների նկատմամբ, այդ ստորաբաժանման ղեկավարներն արդեն ներգրավված են խորհրդում, որը կարծում եմ անթույլատրելի է»,- ասաց Հովհաննես Չամսարյանը:

Փաստաբանը նշեց՝ առաջադրվելու նպատակը հենց այդ խնդիրներով զբաղվելն ու դրանք մինիմալի հասցնելն է, և կան առաջադրված փաստաբաններ, որոնք կիսում են այդ մտահոգությունը, ու իրենց նպատակը ևս դրանց լուծում տալն է:

Հովհաննես Չամսարյանի կարծիքով՝ փաստաբանների հրապարակային հայտարարությունների պատճառով հարուցված կարգապահական վարույթներն անթույլատրելի են, քանի որ փաստաբանի ազատ խոսքը լռեցնելը ճիշտ չէ:

«Հույս ունեմ, որ կընտրվեն այնպիսի մարդիկ, ովքեր կիսում են մտահոգությունները և այդ խնդիրները փաստաբանական պալատում կվերանան ու դրա արդյունքում կբարձրանա պալատի նկատմամբ վստահությունը:

Կարևորը, որ արդար պայքար լինի, որը շատ կարևոր է մեր համայնքի համար, և այդ պայքարի արդյունքում ձևավորված խորհուրդը կարողանա լուծել այն բոլոր խնդիրները, որոնք բավականին վտանգավոր են:

Սոնա Հարությունյան