ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ 

-Պարոն Մելիքյան, արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ այս օրերին քննարկումներն ակտիվացել են՝ հաշվի առնելով Էլմար Մամեդյարովի հանդիպումը Սերգեյ Լավրովի, և Զաքիր Հասանովի հանդիպումն՝ Անջեյ Կասպրշչիկի հետ. Ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել և ինչո՞վ եք պայմանավորում պաշտոնյաների այս ակտիվությունը: 

-Ավելին՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը նաև հանդիպել է պարոն Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ դեսպան Կասպրշչիկին էլ ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Այս ամենը Մադրիդյան սկզբունքները, գուցե անգամ դրանց Կազանյան տարբերակը կյանքի կոչելուն ուղղված ջանքերի համատեքստում տեղի ունեցող «առօրեական» գործընթացի մասը կազմող դիպվածներ են:

-Օրերս ՀՀ նախագահը նախկին զինծառայողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հայկական կողմի համար ամենակարևորը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք կողմ ենք տարածքային զիջումներին:

-Ոչ թե մենք ենք ազգովի կողմ տարածքներ հանձնելուն, այլ անձամբ ինքն ու իր հետ միասին՝ ևս մեկ-երկու հոգի: Մարդը հանդիպման ժամանակ զինծառայողներին, պարզապես,  ուղղակիորեն ասաց մի բան, որի իմաստը հետևյալն է՝ պետք չէ հավատալ տարածքներ հանձնելու մասին խոսակցություններին, թեև, եթե անհրաժեշտ պայմանները ձևավորվեն, դրանք հանձնվելու են գործնականում: Եւ անգամ այս ձևակերպմամբ ասածը ճիշտ չէ՝ տարածքներ չհանձնելու մասին լուրերին չհավատալու հորդորով նա դիմում է հենց այն մարդկանց, ում առնվազն մի մասի աչքի առաջ հակառակորդն ապրիլին տարածքներ է գրավել, իսկ ՀՀ գործող ղեկավարն էլ հանգիստ սրտով դրանք հետո նաև քաղաքական մակարդակում է Բաքվին «բաշխել»: Նորից կրկնեմ՝ մենք կողմ չենք, նա է արդեն գործնականում կողմ տարածքներ հանձնելուն:

-Նախագահի և նախկին զինծառայողների հանդիպումից շատ չանցած՝ ադրբեջանցիները հրապարակեցին ֆիլմ՝ հին Էրիվանի մասին. որքանո՞վ են կապված  այս իրադարձություններն իրար հետ.

-Հայաստանի քաղաքական կյանքում ոչ մի այնպիսի բան տեղի չի ունենում, որը կներազդեր ադրբեջանական քարոզչության բովանդակության վրա, կամ էլ դրանում կիրառվող հնարքների որակը կփոխեր: Իսկ դրան հակառակ՝ Սերժ Սարգսյանի հանդիպումը երիտասարդ նախկին և գործող մեր զինծառայողների հետ, իրոք ուշագրավ էր. նախագահի խոսքը տարածքներ հանձնելու թեմային նվիրված յուրօրինակ քարոզ էր՝ այդ տարածքները պաշտպանող մարդկանց շրջանում: Գուցե այդ տեսանկյունից կարելի է այն որպես ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերին ներդաշնակ քայլ համարել:

-Սահմանին նորից զոհեր ունենք, որքանո՞վ եք արդյունավետ գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը:

-Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը բավարար եմ գնահատում, իսկ սահմանին բախումներ ու զոհեր ունենալու պատասխանատվությունը հիմնականում ընկած է արդյունավետ քաղաքականություն մշակելու և վարելու համար բավարար որակներ չունեցող մեր պաշտոնյաների վրա:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի