2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և պատգամավորի մանդատ ունենալու համար այլևս պարտադիր պահանջ է դառնում հայերենին իմացությունը, որը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածով:

 

Քննական թեստ կհանձնեն պատգամավորի այն թեկնածուները, ովքեր կրթություն են ստացել արտերկրում և նրանց ավարտական փաստաթղթում նշում կամ գնահատական չկա հայոց լեզու առարկայից:

 

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ այսուհետ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացին պետք է ունենա  հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ, իսկ դրա բացակայության դեպքում՝ պետք է հանձնի քննություն:

 

Հետաքրքրական է, որ ԿԳՆ կայքում զետեղված են պատգամավորի թեկնածուներին առաջադրվելիք հարցաշարերը, որոնք, ինչպես նախարարության հիմնավորման մեջ է նշվում, կազմված են ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող հարցաշարերից, ասել է թե՝  պատգամավորի թեկնածուն պետք է պատասխանի 5-9-րդ դասարանների աշակերտներին ներկայացվող հարցերին:

 

Պատգամավորի թեկնածուին տրվելու է 50 րոպե, 30 հարց, անցողիկ միավորն է 27-ը:

 

Քննություն հանձնող ապագա պատգամավորները պետք է ճիշտ պատասխանեն ստորև ներկայացվող «բարդ ու խրթին» հարցերին.

 

 

Օրինակներ հարցաշարերից. 

 

Համարակալված  բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված.


Արարատ լե-ը(1) աշխարհի ամենաբար-ր(2) սարն է, հայ մար-ուն(3) նա երևում է աշխարհի բոլոր ծա-րերից(4):

 

-(1) ռ, (2)ձ, (3)դ, (4)յ

Ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վո

-կարճաոտ

Ո՞ր բառում է ընդգծված ե-ն արտասանվում յէ

-վրաերթ

Ո՞ր նախադասության մեջ լեզվական սխալ կա

-Ինձ ներողություն մի խնդրիր չարած սխալիդ համար:

Ո՞ր շարքում են ճիշտ տրված հետևյալ օտար բառերի հայերեն համարժեքները/ ֆիլիալ, ֆորում, կոնկուրս, սուվերեն

-մասնաճյուղ, համաժողով, մրցույթ, ինքնիշխան

Ո՞ր բառազույգի բառերն են իրար հոմանիշներ

-անզուգական-աննման

-բաժակ-ըմպանակ

Ո՞ր բառազույգի բառերն են իրար հականիշներ

-մսխել- կուտակել»

Ո՞րն է բառի ճիշտ բացատրությունը

-երկարաճիտ-երկար վիզ ուեցող

-գրտնակ-խմորը բացելու գլանաձև փայտ

Ո՞րն է տրված օտար բառի հայերեն համարժեքը

-մոդա-նորաձևություն

-լիդեր-առաջնորդ


Ու այսպես, պատասխանելով լեզվի իմացությունը ստուգող  նմանատիպ բարդություն ունեցող հարցերի, պատգամավորի թեկնածուն կարող է վաստակել հայերենի գերազանց իմացությունը փաստող այդ բաղձալի տեղեկանքը:


Աբսուրդն այստեղ այն է, սակայն, որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները գիտեն դպրոցականներն, իսկ չիմանալու դեպքում՝ ստանում են անբավարար գնահատական հենց դպրոցում՝ չհասնելով բուհ: Ու հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է երկրի համար այդ կարևորագույն մարմնում՝ Ազգային ժողովում,  աշխատանքի անցնել փորձողը հայերենին տիրապետելու մակարդակում մրցի դպրոցականների հետ՝ պատասխանելով նմանատիպ հասարակ և հեշտ հարցերի:


Արդյո՞ք սա է հայերենի իմացության այն տարրական շեմը, որն անհրաժեշտ է ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավոր աշխատելու համար և մի՞թե այսօրինակ թեթևությամբ չենք նսեմացնում մեր մայրենի լեզվի իրական արժեքը:


Աղավնի Սուքիասյան