Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում հաջողությամբ փորձարկվել է 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները: Փորձարկմանը հետևել են ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները, ԵՄ պաշտոնյաներ, միջազգային դիտորդներ, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Նրանք տեղում ծանոթանացել են էլեկտրոնային սարքի միջոցով անցկացվող ընտրությունների փորձնական արդյունքներին։ «Էլեկտրոնային սարքի միջոցով ստուգվող փորձնական բոլոր տարբերակները բացառել են ընտրա խախտումների որեւէ հնարավորություն, արդյունքները գոհացուցիչ են»,- ներկայացրեց թիվ 20 տարածքային հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Ինչպես Սեմյոնովկայում, այնպես էլ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ և Դարանակ համայնքներում փետրվարի 12-ի ժամը 8-ից սկսվել և ընթանում են ավագանու անդամի ընտրությունները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններն ընթացել են առանց խախտումների կամ միջադեպերի, օրենքով սահմանված կարգով:

Թիվ 20 տարածքային հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ՝ Սեմյոնովկայում եւ Դարանակում գրանցվել են ավագանու անդամի հնգական թեկնածու՝ նույնքան տեղերի համար: Ժամը 14։00-ի դրությամբէ Սեմյոնովկայում գրանցված 210 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 84 ընտրող, Դարանակում գրանցված 150 ընտրողներից՝ 48 ընտրող:

Թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանի տեղեկացմամբ՝ Արծվանիստում գրանցվել են ավագանու անդամի 11 թեկնածու՝ 9 տեղի համար: Փետրվարի 12-ի ժամը 14։00-ի դրությամբ՝ Արծվանիստում գրանցված 2229 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 675 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 32 տոկոսը:

Խոսրով Խլղաթյան