Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՅԴ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցականների համամասնական ցուցակը: Լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանն ասաց, որ ի տարբերություն այլ կուսակցությունների, իրենք կգտնվեն առավել շռայլ և կհրապարակեն ոչ թե եռյակ կամ տասնյակ, այլ երեսուն հոգու անուն:

Աղվան Վարդանյանը հերթով թվարկեց նաև տարբեր ընտրատարածքներում իրենց թեկնածուներին: Նշեց, որ թիվ 5 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արարատի մարզը, թեկնածուներն են Հայրապետ Բաբայանը՝ փոխմարզպետը, Արտակ Չոբանյանը, Արա Վարդանյանը, վերջինս Աղվան Վարդանյանի եղբայրն է:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ հրապարակված ցուցակը փաստում է, որ իրենք նոր որակ են մտցնում ընտրական գործընթացներում՝ իրենցից հեռու պահելով օդիոզ դեմքերին: 

Խոսելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին՝ ասուլիսին մասնակից Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք հիմա ճիշտ է՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա են կազմում, բայց դա իրական կոալիցիա չէ, քանի որ ՀՀԿ-ն կազմում է մեծամասնություն. նոր սահմանադրությունը հնարավորություն է տալու ունենալ իրական կոալիցիա և առանձին մեծամասնության խնդիրն օրակարգից դուրս է գալու: