Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Lragir.am-ին ասել էր, որ գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունը դեռ շարունակվում է: Նախորդ տարի, նախարարը այդ հարցերին սովորաբար պատասխանում էր, որ հավանաբար տարեվերջին բանակցությունը կավարտվի եւ պարզ կլինի գազի գինը: Այժմ հայտարարում է, որ բանակցությունը դեռ շարունակվում է:
Ինչ են քննարկում Հայաստանն ու Ռուսաստանը այդքան երկար, առավել եւս, որ դեռեւս օգոստոսին Մոսկվա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գազի գնի հարցում Պուտինի հետ եկել են այնպիսի պայմանավորվածությունների, որ կորոշվի կողմերի համար փոխշահավետ գին:
Բայց բանակցությունը մինչեւ հիմա շարունակվում է, թեեւ հայկական մամուլում տեղեկություն հայտնվեց նաեւ, որ ՊԵԿ հաշվետու փաստաթղթերում արդեն մի քանի ամիս է գազի գինը Հայաստանի սահմանի վրա ամրագրվում է ոչ թե 1000 խմ դիմաց 180 դոլարով՝ ինչպես պնդում է իշխանությունը, այլ 220-ով: Մամուլի այդ հրապարակումներին Հայաստանի իշխանությունը այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չի տվել, միայն կրկնելով, որ գազի գինը մնացել է նույնը:
Միեւնույն ժամանակ, օրինակ գազալցակայաններում՝ որտեղ լիցքավորվում են գազով աշխատող մեքենաները, արդեն մեկ-երկու ամիս է, որ տեղի է ունեցել լիցքավորվող գազի գնի բարձրացում, թեեւ Հայռուսգազարդը հայտարարում է, որ ինքը գազը չի թանկացրել:
Գազի գնի «ոդիսականը» միայն հայ-ռուսական հարաբերությանը չէ հատուկ: Քանի որ Ռուսաստանի համար գազն ու դրա գինը վաղուց արդեն հանդիսանում է աշխարհաքաղաքական կարեւոր գործիքներից մեկը, կամ միջուկային զինանոցից հետո երեւի թե միակ գործիքը, դրա վերաբերյալ որեւէ զարգացում պայմանավորվում է այն քաղաքական հարաբերությամբ, որ Ռուսաստանն ունի տվյալ գործընկեր սուբյեկտի հետ:
Այդ իմաստով, գազի գնի շուրջ բանակցության տեւականությունը նաեւ հանդիսանում է հայ-ռուսական հարաբերության ինդիկատոր: Այսինքն, Ռուսաստանն ինչ որ բան ուզում է, որը չի տալիս կամ չի հանձնում Հայաստանը: Այլապես, բանակցությունն ավարտված կլիներ վաղուց, եւ վաղուց պարզ կլիներ, թե ինչ է սպասվում գազի գնին:
Ի դեպ, գազային թեմայի ձգձգման ֆոնին հետաքրքրական են Հայաստանի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հավանականության մասին խոսակցությունները: Խոսքը Հայռուսգազարդ ընկերության նախկին ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ՝ քաղաքապետության ընթացքում Հրազդանի կիրճում նոր ռեստորան կառուցած, իսկ ներկայում Գազպրոմբանկի նախագահի տեղակալ Կարեն Կարապետյանի մասին է, ով ըստ մամուլի տեղեկությունների այս օրերին գտնվում է Երեւանում եւ հանդիպումներ ունենում տնտեսական ու քաղաքական շրջանակների հետ:
Չի բացառվում, որ Մոսկվան Հայաստանից որպես գազի գին պահանջում է վարչապետի պաշտոնը:
Ըստ երեւույթին, Հայաստանը Ռուսաստանի տնտեսա-քաղաքական պահանջների դիմաց այլեւս հանձնելու տնտեսական ռազմավարական հզորություններ չունի եւ ստիպված է այլեւս հանձնել պաշտոնները, կամ էլ Մոսկվան է սկսել պահանջել արդեն ոչ թե ձեռնարկություններ, այլ պաշտոններ: - See more at: http://lragir.am/index.php/arm/0/politics/view/79376#sthash.h9J69dwc.dpuf