Կառավարության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Թայգր Գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի, «Թայգր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյան կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել է:

 

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությանը նման հարկային արտոնություն են տրամադրում՝ հաշվի առնելով, որ ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11.4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.4 միլիրադով ձեռք են բերվելու ժամանակակից սարքավորումներ սպորտային ակումբի համար: Ըստ կառավարության հիմնավորման՝ սպորտային ակումբից բացի՝ նշված ընկերությունը կառուցելու է նաև նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոն:

 

Հիշեցնենք, որ «Թայգր գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրները ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի զավակներն են՝ Արմենուհի և Պետրոս Գևորգյանները: Ի դեպ՝ նույն ընկերությանը նման արտոնություն տրամադրելու հարցը քննարկվել է նաև կառավարության 2016-ի հունիսի 2-ի նիստի ընթացքում:

 

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանից հետաքրքրվել՝ ինչո՞վ է պայմանավորված պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը նման արտոնության տրամադրումը, երբ այլ ընկերություններ չեն ստանում նման աջակցություն, և ինչո՞վ է տարբերվելու Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոնը նմանատիպ մյուս կենտրոններից:

 

Պարոն Գևորգյանը մեզ հայտնեց, որ տեղյակ չէ ո՛չ այդ հարկային արտոնությունից, ո՛չ ժամանցային կենտոնից: «Չեմ կարող, չգիտեմ՝ ինչ ասեմ, զանգեք «Թայգր գրուպ»»,-նշեց պատգամավորն՝ ըստ էության ուղղորդելով վերը նշված ընկերություն:

 

Մեր հարցին ի պատասխան՝ նշված ընկերությունից հայտնեցին, որ չեն ցանկանում հարցրերի վերաբերյալ որևէ պարզաբանում տալ:

 

Հիշեցնենք նաև, որ խոսքը վերաբերում է «Ռիբոկ» սպորտային ակումբին, որի շինարարությունն իրականացվել է 2015 թվականից սկսած և 2017 պատրաստվում են այն հանձնել շահագործման: Ծրագիրն իրականացվում է «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից, որի հիմնադիր ղեկավարները, ինչպես վերը նշեցինք, պատգամավորի երեխաներն են՝ Արմենուհի և Պետրոս Գևորգյանները: