«Արդարություն, հույս և աշխատանք:


Հենց սրանք են այն կարևոր գործոնները, որոնք պատրաստվում ենք տալ մեզ ընտրող քաղաքացիներին:


ՀՀ-ում մոտ կես միլիոն թոշակառու կա և նրանք իրենց ստացած լումայով չեն կարող երջանիկ ծերություն ունենալ: Ուստի, «Ծառուկյան» դաշինքը հասնելու է նաև թոշակների բարձրացման, և դա պոպուլիզմ չէ: Մեր նշած տասնհինգ կետերն իրական են:  Եթե խոսեմ, օրինակ, միջին և փոքր բիզնեսին հարկերից ազատելու խնդրի մասին, պետք է նշեմ, որ ՓՄՁ և միջին բիզնեսը ՀՀ բյուջեի 1-2 տոկոսն է ձևավորում,  բայց մեր առաջարկի շրջանակում հարկերից ազատված քաղաքացիները կկարողանան ստաբիլիզացնել իրենց բիզնեսը: Մեր առաջարկը ռեալ հնարավորություն է նրանց համար»ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ «Ծառուկյան» դաշինքի կողմից իրականացվող քարոզարշավն ու հասարակության վերաբերմունքն ինչպիսի՞ն է՝ հաշվի առնելով անցած քարոզարշավի օրերը՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց.

 

«ՀՀ-ում հիմա ինը քաղաքական միավոր է մասնակցում ընտրություններին,  ՀՀԿ-ն կազմակերպում է շոուներ, իսկ մեր դաշինքի հանդիպումներն ու հանրության վերաբերմունքը իրական են: Քարոզարշավն անցնում է բազմամարդ, հասարակության մեջ ակնհայտ է այն հույսը, որը նրանք կապում են Գագիկ Ծառուկյանի և նրա քաղաքական թիմի հետ: Իմ ասածի ապացույցն  են նաև սոցիոլոգիական հարցումներն, ըստ որոնց՝ «Ծառուկյան» դաշինքն առաջին տեղում է: Դաշինքն ունի շատ ստվար բանակ»,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը:

 

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածուն անդրադարձավ նաև դաշինքի կողմից հանրությանը ներկայացված 15 կետերին՝ շեշտելով, որ այդ կետերը ներառում են հասարակության համար առաջնային հարցերն ու դրանց լուծման ուղիները. «15 կետերը պոպուլիզմ չեն, իրական թվերի և իրական քայլերի մասին է խոսքը, որովհետև դրանք գրվել են համապատասխան մասնագետների կողմից՝ իրականացված վերլուծությունների արդյունքում: Դաշինքի ներկայացրած ծրագրային կետերը ոտքի կհանեն տնտեսությունը և կլուծեն հասարակությանը հուզող խնդիրները»:


Բանախոսն, անդրադառնալով խորհրդարանում հայտնվելու պարագայում «Ծառուկյան» դաշինքի քայլերին՝ նշեց, որ խորհրդարանում ստանալով  բացառիկ մեծամասնություն, դաշինքը կգնա աննախադեպ քայլի՝ իշխանափոխության: 

 

Լրագրողի դիտարկմանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը օգնության խոստումներ է տալիս քաղաքացիներին, դաշինքի պատգամավորության թեկնածուն պատասխանեց.

 

«Ծառուկյանը խոստումներ չի տալիս, քաղաքացիներին օգնում է 365 օր և դա կաշառք չէ: Համահայկական հիմնադրամից առաջ, քաղաքացին որպես առաջին բարերար՝ նշում է Գագիկ Ծառուկյանի անունը»: 


Պատասխանելով հարցին՝ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների նկատմամբ սկսվել էին որոշակի հարկային ստուգումներ, արդյո՞ք դա խախտումների մասին չէր վկայում, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Միկրոսկոպով ստուգեցին, եթե մի հատ խախտում հայտնաբերեին, կթափահարեին դա: Խախտումներ, սակայն, չարձանագրվեցին»: 

 

Աղավնի Սուքիասյան