Հայաստանում հարցված երիտասարդների 67%-ը համարում է, որ իր ձայնն ընդհանապես չունի կամ քիչ ազդեցություն ունի ընտրության արդյունքների վրա։ Գուցե դա է պատճառը, որ քաղաքում ապրող երիտասարդների 65, իսկ գյուղերում ապրողների 49%-ն ասել է, որ չի մասնակցելու ընտրությանը կամ ոչ մեկին չի ընտրելու։ Իմիջիայլոց, որքան բարձր է հարցվողի կրթական մակարդակը, այնքան ավելի շատ է հակված ոչ մեկին չընտրելու և/կամ ընտրություններին չմասնակցելու։


Ի՞նչն է պատճառը, որ այսօր մենք ունենք նման դժգույն պատկեր: Ի՞նչն է պատճառը, որ պետության հիմքը, շարժիչ ուժը հանդիսացող երիտասարդությունն այսօր ամեն գնով փորձում է հետ կանգնել քաղաքական գործընթացներին իր մասնակցությունը բերելուց՝ չվստահելով քաղաքական և, մասնավորապես, ընտրական պրոցեսներին: Իսկ պատճառներն ակնհայտ են. դրանք պետք է փնտրել պետության կողմից տարիներ շարունակ տարվող անպատասխանատու քաղաքականության մեջ, որի նպատակը երիտասարդությանը կոտրելն էր, ներուժի դրսևորման համար մինիմալ հնարավորություններից զրկելը: 


Երիտասարդները, որոնց այսօր տեսնում ենք քաղաքական դաշտում, ակնհայտորեն տառապում են «երիտկոմերիտականների» սինդրոմով, առաջնորդվում են կուսակցապետերի հորդորներով և ոչ թե գաղափարական սկզբունքներով, միտված չեն պայքարի, այլ պարզապես քաղաքական դաշտը ծառայեցնում են սեփական ամբիցիաները բավարարելուն: Մի՞թե նման երիտասարդությունն ի վիճակի է փոփոխություններ անել՝ այն էլ՝ կառուցողական….մինչդեռ տեսնելով վերջիններիս «ազգանվեր ծառայությունը», պետության խնդիրներով իրապես մտահոգ երիտասարդը նախընտրում է հեռու մնալ այդ թատերական ներկայացումներից, հլու-հնազանդ կամակատար դառնալուց, գաղափարազուրկ և անդեմ դաշտ մտնելուց, ասել է թե՝ հեռու մնալ քաղաքական գործընթացներից՝ պայքարը տեղափոխելով քաղաքացիական նախաձեռնությունների դաշտ:


Քաղաքացիական նախաձեռնություն ցուցաբերող երիտասարդության ակտիվությունը բացատրվում է այն հանգամանքով, որ երիտասարդությունը հիասթափված է քաղաքական կուսակցություններից, քաղաքական գործունեությունից, և դա մտահոգության տեղիք է տալիս: Մինչդեռ շատ կարևոր է, որ երիտասարդները պայքարեն իրենց իրավունքների համար, հասարակության մեջ տեղ գտած արատավոր և անարդար երևույթներն արմատախիլ անելու համար:


Ակտիվ երիտասարդությունը կարող է և կդառնա՛ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական դերակատարը: Միայն երիտասարդների ակտիվությունն է, որ կխթանի ժողովրդավարացման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում: Երիտասարդները պետք է գիտակցեն, որ քաղաքականությամբ զբաղվելը կայանում է հետևյալում. ձևակերպել սեփական խնդիրը, ձևակերպել սեփական շահը եւ գտնել ճանապարհ՝ այդ նպատակին հասելու եւ այդ խնդիրը լուծելու համար, այդ ընթացքում էլ չկոմպլեքսավորվել այն մտքից, թե դա քաղաքական ճանապարհ է։ Ամենաառաջինը, ինչ պետք է գիտակցի ամեն երիտասարդ, այն է, որ քաղաքականությամբ զբաղվելով, իր առօրյան ոչ մի կերպ չի փոխվում, քաղաքականությունը արհեստական բան չէ, դա առօրյա է, դա սեփական շահը գիտակցելու եւ այդ շահը բավարարելու մեթոդ է։


Մեր լճացած քաղաքական համակարգը այսօր ավելի, քան երբևէ՝ ունի կառուցողական, գաղափարական երիտասարդների կարիքը, որոնք իրենց ակտիվությամբ «կմաքրեն» դաշտը անդեմ և գաղափարազուրկ երիտկոմերիտականների շքախմբից, և միայն դրա շնորհիվ առաջիկա տարիներն ՀՀ-ում կստեղծվի առողջ քաղաքական միջավար, կծնվեն նոր գաղափարներ, ինչը հնարավորություն կտա առողջացնել ՀՀ քաղաքական համակարգը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ