Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը տարեցտարի ոչ թե ավելանում է, այլ՝ նվազում: Ու չնայած Հայաստանը նեդրումների համար գրավիչ երկիր դարձնելու հույսով կառավարությունները տարբեր ժամանակաշրջաններում իբր փորձում են զանազան ծրագրեր իրականացնել, փորձում են նոր գաղափարներ կյանքի կոչել, ինչպես, ասենք, ազատ տնտեսական գոտիների հիմնումն է, փաստը մնում է փաստ, սակայն, որ ժամանակն ամենևին էլ հօգուտ Հայաստանի չէ, որ աշխատում է:

Հատկապես վերջին շրջանում՝ մեր երկիր մուտք գործող կապիտալի գերակշռող հատվածը, եթե, իհարկե, ինչ-որ տեղաշարժ այս ուղղությամբ նկատվում էլ է, ԵՏՄ անդամ երկրներից է հոսում այստեղ: Ասել կուզի՝ ինչ-ինչ գործոններով պայմանավորված՝ Հայաստանում ընթանում է մի պրոցես, որը կարելի է բնութագրել «եվրասիականացում» տերմինով, ինչը, բնականաբար, չի կարող համարվել բավարար: Ճիշտ է՝ մի կողմից լավ է, որ Հայաստանը գոնե ԵՏՄ անդամ երկրների համար ինչ-որ հետաքրություն ներկայացնում է, բայց համաձայնե՛ք՝ Հայստանի տնտեսության իրական վերականգնման համար միայն ԵՏՄ երկրների կապիտալի մասնակի ներհոսքը չի կարող բավարար համարվել. նախ՝ որովհետև այդ ներհոսքի ծավալները դեռևս բավարար չեն, երկրորդ՝ մենք չենք կարող կղզիանալ համաշխարհային տնտեսությունից ու սահմանափակվել ԵՏՄ սահմաններով. գլոբալ իմաստով՝ դա լրջագույն ռազմավարական սխալ կլիներ:

Հարց է ծագում՝ ինչո՞վ է պայմանավորված արտասահմանյան երկրների գործարարների պասիվությունը մեր երկրի պարագայում, ինչո՞ւ դրսի գործարարները չեն շտապում իրենց մասնակցությունը բերել Հայաստանի տնտեսության զարգացման գործում, չէ՞ որ ժամանակակից աշխարհում կապիտալ ներդրումները դարձել են նաև յուրատեսակ գործիք՝ սեփական ազդեցությունը մեծացնելու, ընդլայնելու համար, հետևաբար՝ մի փոքր տարակուսելի է այն, թե ինչպես են նույն Արևմուտքի գործարարները պասիվություն ցուցաբերում մեր երկրին առնչվող հարցերում:

Ակնհայտ է, որ պատճառը պետք է փնտրել նախևառաջ մեր մեջ. արևմտյան դեսպանները բազմիցս են իրենց ելույթներում, հարցազրույցներում ընդգծել իրենց պատրաստակամությունը՝ Հայաստան Արևմուտքից ներդրումներ ներգրավելու, բազմիցս են կոչեր հնչել՝ ապահովել ազատ մրցակցային պայմաններ, երաշխիքներ տալ և այլն: Ակնհայտ է՝ քանի դեռ Հայաստանի բիզնես միջավայրը հիմնված է արտոնությունների վրա, ոչ մի տեղաշարժ այս ուղղությամբ ակնկալել չենք կարող. դեսպանների՝ բազմիցս հնչած կոչերը հենց այս վիճակի փոփոխությանն են վերաբերում. մարդիկ հստակ հայտարարում են՝ բարեփոխե՛ք տնտեսությունը, խաղի նորմալ կանոններ հաստատեք, մենք էլ գանք ու ներդրումներ կատարենք:

Անկասկած է՝քանի դեռ Հայաստանում բարեփոխումները միայն խոսակցությունների մակարդակով են ընթանում, քանի դեռ խոստումները ռեալ կյանքում իրականություն չեն դարձել, Հայաստանը շարունակելու է հանդես գալ ներդրումներ մուրացողի դերում. վստահելիության մի մեծ գերխնդիր ունի Հայաստանը, որն այդպես էլ չի լուծվում:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ