WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ):

ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որը նշված էր որպես Dark Matter («Մութ մատերիա»), հրապարակվել է մարտի 23-ին, այնտեղ նկարագրվում էին Apple ընկերության սարքերը «կոտրելու» եւ վարակելու եղանակները:

Կայքի աշխատակիցները նշում են, որ հրապարակման նոր մասը, որը նշված է որպես Marble («Մարմար»), պարունակում է համանուն գաղտնի ծրագրի ելման կոդի 676 ֆայլ: Նշվում է, որ Marble ծրագիրն իբր քողարկում է ԿՀՎ-ի վնասաբեր ծրագրերի տեքստերի այն հատվածները, որոնցից կարելի է հասկանալ, որ հենց գերատեսչությունն է կանգնած վիրուսի ստեղծման կամ ցանցահենային գրոհի իրականացման հետեւում: Մասնավորապես, այդ տվյալները թաքցվում են դատաբժշկական փորձագետներից եւ հակավիրուսային ընկերություններից, ասվում է կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: