Օրերս թերթերից մեկը հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ: Այս քայլը հաջորդեց այն բանին, որ Իոաննիսյանը հրապարակեց ընտրությունների համար հավաքագրումներ իրականացնող տնօրենների հետ ձայնագրությունները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոանիսյանը, խոսելով այս ամենի առնչությամբ իր քայլերի մասին, նշեց. «Հաղորդում եմ ներկայացրել հատուկ Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջով, որովհետև այն նյութերը, որոնք հրապարակել է թերթը, ավելի քան հինգ տարվա վաղեմություն ունեն: Նրանք այնպիսի նյութեր են հրապարակել, որոնցից ես անգամ չունեմ, բացի այդ՝ առկա է նաև խտրական մոտեցում»,-ապա հավելեց, որ չեն բավարարվելու Քննչական կոմիտեի գործողություններով և դիմելու են ՄԻԵԴ:

 

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ եթե անգամ Հատուկ քննչական ծառայությունը պատժիչ գործողությունների չդիմի, նրանց պատասխանատվության չկանչի, միևնույնն է, իրենք վստահ են, որ ՀՀ-ն խնդիրներ կունենա ՄԻԵԴ-ում:

 

Ըստ մեր զրուցակցի՝ հրապարակումը պարզապես իշխանությունների պատասխանն էր իրենց համար անցանկալի հրապարակմանը. «Իշխանության պատասխանը չուշացավ, և կարծում եմ, որ նման պատասխանով իշխանությունը մեզ փորձեց նաև պատժել»:

 

Խոսելով հարցված 114 ուսուցիչների մասին, մեր զրուցակիցը  նշեց, որ նրանց բախտը պարզապես չբերեց: «Իրականում թիվն ավելի մեծ է, և մենք գործ ունենք մի բուրգի հետ: Էս 114-ի բախտն ուղղակի չբերեց, որովհետև Հայաստանում կա 2000 մանկապարտեզի և դպրոցի տնօրեն, և եթե ավելի շատ թվով մարդկանց զանգեինք, թիվն ավելի մեծ կլիներ, ավելի մեծ թվով տնօրեններ կբռնվեին: Մենք պատահականության սկզբունքով նրանց զանգեցինք, հետևաբար, այս խնդիրն ամբողջականության մեջ պետք է ուսումնասիրել»: 

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավարի խոսքով՝ իրենք այս բացահայտումով նպատակ են ունեցել ցույց տալ Հայաստանում վարչական ռեսուրսի կիրառման կոնկրետ դեպքերը, ինչին էլ, որպես հակընդդեմ պատասխան, եղավ հրապարակումը: 

 

Աղավնի Սուքիասյան