Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել ապրիլի 2-ին Ալֆորվիլի հայ ավետարական եկեղեցու դեմ կատարված հարձակման առնչությամբ: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, հայտարարության մեջ կատարվածը որակվում է որպես վանդալիզմ, որը կարող էր նաև անդառնալի հետևանքներ ունենար եկեղեցու հովվի և նրա կնոջ համար:

 

«Այս ագրեսիան տեղի է ունենում կրոնական անհանդուրժողականության մտահոգիչ մթնոլորտում ինչպես մեր երկրում, այնպես էլ Արևելքի քրիստոնյաների դեմ ընդհանուր բռնության ու ֆանատիզմի համատեքստում: Բացի այդ, այս քայլը տեղի է ունեցել 2016թ-ին Ադրբեջանի կողմից Արցախ հայերի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի տարելիցին»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին առավել մեծ զգուշավորություն և առավել մեծ ուշադրություն ցուցաբերել ֆրանսահայ համայնքային և կրոնական կառույցների անվտանգությանն այս բարդ ժամանակահատվածում: Կազմակերպությունը նաև իր համերաշխությունն է հայտնել հովիվ Լեոնյանին և նրա կնոջը, որոնց կյանքերը վտանգի են ենթարկվել հարձակման ընթացքում:

 

Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա' փորձելով հրկիզել այն: Հարձակումը երրորդ միջադեպն է վերջին 12 ամսվա ընթացքում:

 

Թեպետ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն Լեոնյանը, ով եկեղեցու քահանա է դարձել 18 ամիս առաջ և առաջնորդում է շուրջ 30 հավատացյալից բաղկացած միաբանությունը, պատմել է, թե ինչպես են սարսափահար եղել կրակը տեսնելով: Մեծ վնաս է կրել եկեղեցու մուտքի հատվածը:

 

Միջադեպից ութ օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ճակատային հատվածի ուղղությամբ:

 

Ալֆորվիլի քաղաքապետը դատապարտել էր կատարվածը' համերաշխություն հայտնելով եկեղեցու միաբանության հետ: