Արմավիրի մարզի Արևիկ համայնքում գայլը հոշոտել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարներին։ Ինչպես ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը, գայլը հոշոտել է մոտ 25 ոչխար։ «Առավոտյան երբ տեսա արդեն 10-ը սատկել էին, մնացածն էլ կոկորդները կտրած էր, ընկնում էին էլի, մոտ 25 ոչխար սատկել է։ Նույնիսկ մի քանի ոչխար մորթեցին, որ չսատկեին»,- փոխանցեց Ծատուրյանը։ 

Նրա խոսքով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Արմավիրի մարզպետարանին արդեն տեղյակ են պահել կատարվածի մասին։ Համայնքապետի տեղեկացմամբ՝ վնասի չափը մոտավոր 1,5 մլն դրամից ավել է։ «Էդ տղեն խելոք, աշխատող, դառը դատող տղա է։ Վարկեր ուներ, վերցրել էր խոշոր եղջերավոր անասուններ էր առել»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ծատուրյանն ասաց, որ վնասի փոխհատուցման մասին դեռ չեն կարող խոսել, քանի որ պետք է հստակ հաշվարկվի դրա չափը։ «Ճիշտ է տեղյակ պահել ենք համապատասխան կառույցներին, բայց դե կիրակի է․․․ դեռ պետք է հստակ հաշվարկ կատարվի նոր կկարողանանք խոսել այդ մասին»։  

Արևիկ համայնքի ղեկավարը նաև շեշտեց, որ իրենց համայնքում սա առաջին նման դեպքն էր, երբևէ նման բան չէր եղել։ 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Քրիստինա Աղալարյան