Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան՝ 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տեւեց շատ կարճ. որոշ ժամանակ անց՝ ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը: Հայաստանի երկրորդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն այժմ առաջարկում են 30 հազար դրամից սկսած:

 

Իսկ Երեւանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը՝ 35 հազար դրամով: Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսկվա մեկնելու համար 40 հազարից էժանը չի ճարվում: Այսինքն' մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, եւ շոուբիզնեսի տրամաբանությամբ շոուն առաջ մղվեց' բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով:

 

Ստեղծված իրավիճակը ի ցույց է դնում, թե ինչու է հանրությունը, մեղմ ասած, սկեպտիկորեն մոտենում կառավարության առաջ քաշած ծրագրերին, նախագծերին, իսկ խոստումներին՝ երկար ժամանակ է, ինչ ընդհանրապես դադարել է հավատալ: Իհարկե, շատ քչերն էին հավատում, որ այս նախաձեռնությունը լուրջ հենք ունի և պարզապես հերթական շոու-ներկայացումը չէ, որի նպատակն է կառավարության գործունյա իմիջի ձևավորումը: Այն պահին դրված խնդիրը, կարելի է ասել, մաքսիմալ կերպով լուծվեց, մարդիկ հավատացին, որ գոնե ավիացիայի ոլորտում, որը, մեղմ ասած՝ մեռած է ու թաղած չէ՝ վերակենդանացման նոր հույսեր են ի հայտ գալիս:


Անշուշտ, այս նախաձեռնությունը պետք է ծավալվեր, ինչը ենթադրում էր նոր ավիաընկերությունների ներգրավում և մրցակցության խթանում: Հետաքրքիր է, թե ոլորտի պատասխանատուները, ովքեր այդքան ոգևորված համոզում էին հանրությանը, որ գները չեն թանկանալու, որ առկա է համաձայնություն այդ հարցում՝ արդյո՞ք նույն ոգևորությամբ են արդարանալու սեփական ոչ կոմպետենտության համար: Մինչ նրանք կարդարանան, թե՛ ոլորտը, թե՛ հասարակ քաղաքացին կրկին կանգնել է փաստի առաջ: Մնում է միայն հուսալ, որ կառավարության կողմից ռազմավարական հռչակված ծրագրերը չարժանանան նման ճակատագրի և առնվազն ջրում և ցամաքում առկա մեր բազմաթիվ խնդիրները լուծում գտնեն, հակառակ պարագայում՝ բոլոր հավաստիացումները պարզապես օդ են…


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ