Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցում էր նաև «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս նշեց, որ ինքն այս հանրահավաքներն այլևս չի համարում որևէ կուսակցության կամ անձի շուրջ կայացած հանրահավաքներ, քանի որ այստեղ արդեն ժողովուրդն է կանգնած:

«Ես զարմանում եմ, որ ինչ-որ մեկն այս հանրահավաքներն անվանում է «Ժառանգության» հանրահավաք: Իմ կարծիքով՝ առաջին, երկրորդ օրվանից հետո պարզ դարձավ, որ սա այլևս կուսակցական հանրահավաք չէ, և եթե որևէ մեկը դրանում կասկածում էր, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ հայտարարեց, որ իր վրա այլևս կրծքանշան չփնտրեն: Սա ամեն ինչ է, բայց ո՛չ ժառանգության, ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ դաշնակցության, ո՛չ Սարդարապատի, ոչ ոքի հանրահավաքը չէ, սա հանրահավաք է։ Ինչպես «Հանրապետական կուսակցությունն» իր մեջ չի պարունակում հանրապետություն բառը, այնպես էլ հանրահավաքը հանրության հավաքն է»,-ասաց Տիգրան Խզմալյանը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանրահավաքներից։

-Ակնկալիք ունեմ ինքս ինձանից, ձեզանից, մենք ինքներս ենք հիմա որոշում ընդունում: Ես ոչ մի բան չեմ ակնկալում, ես գիտեմ՝ ինչ եմ անելու, և հույս ունեմ, որ մնացածն էլ կանեն այն, ինչ պետք է անեն:

-Վարդան Պետրոսյանի ելույթի ժամանակ կարծիք հնչեց, որ ժողովուրդն արդեն հոգով հաղթանակած է: Համամի՞տ եք այդ մտքին, համարո՞ւմ եք, որ այսօր ժողովուրդը հոգով, սրտով հաղթանակած է:

-Գիտեք, ես կուզեի այդպես լիներ, ես կուզեի մեր սիրելի ընկերը՝ Վարդանը, չսխալվեր: Սա դեռ հեղափոխություն չէ, սա ապստամբություն է, և տարբերությունը Վարդանի բնորոշման մեջ է: Ապստամբությունն այն պահին է հեղափոխություն դառնում, երբ մենք ցանկանում ենք ոչ թե այս կամ այն կուսակցության հաղթանակը, այս կամ այն առաջնորդի, այլ՝ համակարգի փոփոխություն: Այնպես որ, ես այստեղ եմ հեղափոխություն անելու համար, ոչ թե իշխանափոխություն: Ժողովուրդը, եթե հաղթել է, ուրեմն հաղթել է հենց այդ կետով: Ժողովուրդն այլևս չի ուզում փրկիչ տեսնել։ Պետք է հասկանանք, որ փրկիչը ժողովուրդն է: Հիմա ամեն ինչ արդեն մեր ձեռքում է՝ դա է մեծագույն հաղթանակը: Սա դեռ ամբողջ ժողովուրդը չէ, սակայն ազատությունը շատ վարակիչ հիվանդություն է, որը մեզ բոլորիս պետք է վարակի:

-Չե՞ք կարծում, որ այս հանրահավաքները ժամանակի ընթացքում կցրվեն, և կմարի ոգևորությունը:

Ես չեմ կարծում, որ մենք ցնորք ունենք՝ ամբողջ կյանքն անցկացնել Ազատության հրապարակում: Հրապարակը կառուցվել է դաշինքի շուրջ: Սկզբից այն կոչվել է ոչ թե Օպերա, այլ Ժողովրդական տուն։ Գաղտնիքն այն է, որ բեմը դրսում է, մենք գտնվում ենք հսկայական մի բեմահարթակում: Ժողովուրդն այստեղ է գալիս, երբ իշխանությունը վերցնում է իր ձեռքը: Երբ ժողովուրդն այստեղ է, իշխանությունն այստեղ է: Սա է գաղտնիքը այս հրապարկի: Երբ ժողովուրդը իշխանությունը վերցնի և այլևս բաց չթողնի, այն ժամանակ մենք կզբաղվենք մեր գործերով՝ ես ֆիլմ կնկարահանեմ, Վարդան Պետրոսյանը բեմադրություն կանի։ Բայց մենք այլևս երբեք չպետք է թույլ տանք մեր իշխանությունն ուզուռպացնել և էլ ավելի օտարել ժողովրդին: Դրա համար է ժողովուրդն այսօր այստեղ:

Մենք դուրս չենք գա այստեղից, մինչև որ վստահ չլինենք, որ իշխանությունը մերն է: