Արդեն հայտնի է դարձել, որ Սահմանդրական դատարանը մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումն՝ անվավեր ճանաչելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ասել, թե ՍԴ որոշումը հեղափոխական բնույթ է կրում ու այն բոլորովին անսպասելի էր, կնշանակեր, պարզապես, անտեղյակ լինել հայաստանյան ներքին կյանքին բնորոշ իրողություններին. նմանատիպ որոշումը միանգամայն կանխատեսելի էր,քանի որ ՍԴ պատմության մեջ, եթե մի փոքր ուշադիր լինենք,չի եղել մի այնպիսի դրվագ,որն արմատապես կարող էր հակասել ժամանակի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը: Հետևաբար՝ բնական հարց է առաջ գալիս՝ արդյոք ՍԴ դիմողներն իրոք այնքան միամի՞տ էին, որ նախօրոք չէին կարող կանխատեսել իրենց տապալումը դատարանում, թե՞, այնուամենայնիվ, գիտակցված կերպով են գնացել այդ տապալմանը: Եթե համարենք, որ քաղաքականության մեջ միամիտ մարդիկ պրակտիկորեն երբեք գոյություն չեն ունեցել, ապա պետք է եզրակացնենք, որ այս դիմումը մեծ պլանի մի մասնիկ է ընդամենը:

Ո՞րն է այս ամենի հիմքը: Հիմքը երկրում հաստատված ու անխափան գործող քաղաքական խաղի կանոններն են, որոնք ընդամենը մեկ միասնական տրամաբանության վրա են հիմնված. բոլորն աշխատում են հօգուտ Բաղրամյան 26-ի: Իսկ այս պարագայում ակնհայտ է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի հետաձգումը (1-ին նիստը կայանալու է մայիսի 18-ին ապրիլի 28-ի փոխարեն) ձեռնտու է միայն իշխանություններին, որոնք ժամանակ են շահում ներքին ինչ-ինչ հարցեր կարգի բերելու ու քաղաքական դասավորությունների հետ կապված որոշակի խնդիրներ կարգավորելու համար. քաղաքական կոնյուկտուրային վերաբերող հարցերի լուծումը որոշակի ժամանակ է պահանջում, ինչն էլ Սահմանդրական դատարան դիմելու հետ կապված այս ողջ պատմության շնորհիվ տրամադրվեց Բաղրամյան 26-ին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ