Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն էր տարածել Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին, որոնք լռել են հայկական զինուժի պատասխանից հետո: Տուժածներ չկան, թեեւ, եթե հայկական զինուժը պատասխանել է, ապա հնարավոր է ենթադրել, որ կրակոցները չեն եղել «սովորական»: Որովհետեւ, սովորաբար հայկական զինուժը պատասխանում է կամ լռեցնում անհրաժեշտության դեպքում:

Բոլոր դեպքերում, նկատելի է, որ վերջին շաբաթվա ընթացքում Տավուշի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հաճախակիացել են: Ադրբեջանցիները վերջին օրերին մի քանի անգամ կրակել էին Բաղանիսի ուղղությամբ, այդ թվում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի: Տպավորություն է, թե ադրբեջանցիները դրանով ինչ-որ «հող են շոշափում» Խաչատուրովի նշանակումից հետո ռուսական փորձագիտական շրջանակները կարծիք հայտնեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դերում Յուրի Խաչատուրովը Հայաստանի շահերը բարձր չի դասի կազմակերպության շահերից, սակայն անկասկած նա քննարկման կդնի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր դեպք: Այս առումով հայ գլխավոր քարտուղարի նշանակումը դրական դեր կխաղա:

Բոլորը գալիս են այն եզրահանգման, որ ընդհանուր առմամբ հայ գլխավոր քարտուղարի նշանակումը կայունացնող դեր կկատարի կովկասյան տարածաշրջանում: Կովկասը նուրբ հարց է: Բոլորն էլ հասկանում են, որ Խաչատուրովն արդեն իր անձնական ազդեցությունն ունի իրավիճակի վրա, ինչպես նաև կարող է որոշումներ ընդունել ՀԱՊԿ-ի շրջանակում: Գործնականում, պաշտպանության նախարարը փաստացի խորհուրդ է տվել չոգեւորվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի քաղաքացու նշանակումով: Սարգսյանը միաժամանակ ասել էր, որ այդ պաշտոնն ունի իր սահմանափակումներն ու կանոնները, եւ որեւէ դիրքորոշում հայտնելիս Խաչատուրովը այն պետք է համաձայնեցնի անդամ երկրների հետ: Այդպիսով, Վիգեն Սարգսյանը բավական պարզ ակնարկել էր, որ այդ պաշտոնում Հայաստանի քաղաքացին Հայաստանի քաղաքացի չէ, քաղաքացիությունը մղվում է երկրորդ պլան: Միեւնույն ժամանակ, նա մատնացույց է անում, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումով ավելի մեծանում է Հայաստանի «թիրախավորումը», պատասխանատվությունը, ոչ թե հնարավորությունները:

Ինչպես երևում է պաշտպանության նախարարը ճիշտ էր, և Բաքվին այնքան էլ չի հուզում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայազգի ներկայացուցչի առկայությունը: Խոսքերի ապացույցը տեսնում ենք գրեթե յուրաքանչյուր օր: Դրա հետ մեկտեղ, հարկ է փաստել, որ ադրբեջանցիները աշխուժացրել են կրակոցները Տավուշի սահմանի ուղղությամբ, որը Հայաստան-Ադրբեջան սահմանն է, այսինքն դե յուրե ՀԱՊԿ պատասխանատվության սահմանը: Տավուշի սահմանն այդ իմաստով ունի առանձնահատուկ ռազմա-քաղաքական նշանակություն, քանի որ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլեւ ՀԱՊԿ-Ադրբեջան սահման:

Ամենայն հավանականությամբ, Բաքուն նման մարտավարությամբ փորձում է շոշափել հողը և հասկանալ, թե ում շահը եւ ինչպես է փորձելու սպասարկել նոր պաշտոնում Խաչատուրովը, որի հետ փաստորեն Ադրբեջանը ձեռք էր բերել հրադադարի պայմանավորվածությունն ապրիլին: Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է հասկանալ որքան մեծ են իր շանսերը՝ հարցը լուծել ռազմական ճանապարհով, եթե բանակցությունների ուղին փակուղի մտնի: Իրականում այդ շանսերը զրոյական են, քանի որ Հայաստանն արդեն ունի ապրիլյան փորձը, եւ պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է հաշվի առնի հետեւյալը. որքան էլ նա ունենա արտաքին երաշխիքներ, չի ունենալու հայկական երաշխիքը, որ հայկական զինուժը կանգնելու է իրենց համար անհրաժեշտ պահին: Միայն այս՝ «հայկական երաշխիքների» բացակայության դեպքում Ադրբեջանը չի սկսի պատերազմը, որքան էլ ունենա արտաքին որոշակի աջակցություն:

Ստելլա Խաչատրյան