Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել ԶՈՒ հրամանատարական կազմի հետ: Հանդիպման այլ մանրամասներ չկան:

Սերժ Սարգսյանն իհարկե ներկայում մի իրավիճակում է, երբ զինված ուժերի հրամկազմի հետ ունի քննարկելու եւ գուցե ճշտելու շատ խնդիրներ ու հարցեր, կապված թե՛ ներքին իրավիճակի, թե՛ արտաքին զարգացումների եւ անվտանգության մարտահրավերների հետ: Ներսում Սերժ Սարգսյանը փորձում է լուծել համակարգի տրանսֆորմացիայի եւ դրան զուգահեռ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու խնդիրը: Անկասկած է, որ այստեղ բանակը միշտ ունեցել է, ունի եւ ունենալու է ոչ հրապարակային, սակայն առանցքային դերակատարում: Հատկապես, որ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարել է դեռեւս 2013 թվականի հունվարին:

Նախագահի հանդիպմանը նախորդել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հանձնարարականը՝ շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը՝ հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Վերջին մեկ տարում Հայաստանի սահմանին իրավիճակը կտրուկ փոխվել է. կոշտ պաշտպանական համակարգ է տեղադրվել, որն արդեն մի քանի անգամ դրսեւորել է իրեն: Բացի այդ, ինչպես նշում են զինծառայողները, փոխվել է ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը: Մարտական հերթապահություն իրականացնողները պատժիչ եւ այլ օպերատիվ գործողությունների թույլտվություն ունեն:

Միևնույն ժամանակ, նոր իրավիճակ է նաև Արցախի խնդրում: ԵԱՀԿ Մինսկի խումբը օրերս հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ, նշելով, որ Ադրբեջանն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը եւ ստացել հայկական զինուժի պատասխանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդ հայտարարությունից բացի՝ գործնականում նույնը կրկնեց նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակը: ԼՂՀ խնդրում հայկական կողմի համար բարենպաստ միջազգային իրավաքաղաքական համատեքստը հետևանք է ոչ թե մեր դիվանագիտության որակի, այլ Բաքվի ռազմատենչության և իռացիոնալիզմի դրսևորում է: Նկատելի է, որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում է գործադրվում արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Իր հերթին Բաքուն փորձում է փոխել այս նոր օրակարգը, եւ դրա առաջին փորձը փետրվարին էր, երբ Ադրբեջանը փորձեց վերականգնել «պատերազմի իրավունքը»: Ադրբեջանը ռազմական ծանր ու անսպասելի հարված ստացավ, քանի որ պարզ դարձավ, որ հայկական կողմում արդեն իսկ տեղակայված են գերժամանակակից «հետաքննության» սարքավորումներ:Սակայն ավելի խորքային ու սկզբունքսյին մի խնդիր կա:

Եթե Հայաստանին ձեռնտու է ԼՂ խնդրում ստատուս քվոյի ամրագրումը, ապա դա ենթադրում է մաշեցնող, երկարատև դիմակայություն, որում ադրբեջանական նավթադոլարներին պետք է դիմակայի Հայաստանի կենսունակ համակարգը: Այդպիսին ձևավորելու ուղղությամբ Սերժ Սարգսյանը ոչինչ չի անում, ինչի հետևանքով նրա ղարաբաղյան քաղաքականությունը կարող է վերածվել արկածախնդրության: Մինչդեռ հենց այդ թերի համակարգն այսօր պետք է կարողանա արդյունավետորեն օգտվել ստեղծված արտաքին բարենպաստ պայմաններից: Գուցե հենց իրավիճակային այս փոփոխություններին ադեկվատ կերպով արձագանքելու համար էլ անհրաժեշտ էր, որպեսզի նախագահը ԶՈՒ հրամկազմին տեղյակ պահի փոփոխված վիճակի մանրամասների մասին: ՀՀ զինված ուժերը միջազգային հանրության կողմից այս պահին օժտվել են դե ֆակտո «արբիտրաժ»-ի հնարավորությամբ՝ մնում  է հմուտ կերպով օգտագործել այդ գործիքակազմը:

Ստելլա Խաչատրյան