Ավելի քան 40 մլն դոլարի զուտ ակտիվներ ունեցող առավել հարուստ տնային տնտեսությունները, որոնց շարքին տնտեսագետները դասում են մոլորակի ողջ բնակչության մոտավորապես 0,01 տոկոսը, միջին հաշվով 30 տոկոսով պակաս հարկեր են վճարում, քան պարտավոր են: Այդ մասին ասված Է գիտնականների ուսումնասիրության մեջ, որը նրանք կատարել են «պանամական դոսյեների» տվյալների եւ Շվեյցարիայում HSBC-ի հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի հիման վրա: Այս նյութերի հետ միասին տնտեսագետներն օգտագործել են Դանիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի քաղաքացիների բարեկեցության մասին մանրամասն տվյալները, քանի որ այս երկրներում ամենամեծ չափով Է բացահայտվում նման տեղեկատվությունը: Սակայն նրանք կարծում են, որ Սկանդինավիայի համար արված եզրակացությունները կարելի Է փոխադրել նաեւ ամբողջ աշխարհի վրա, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի բացառել, որ մյուս երկրներում ամենաապահովված բնակիչների թվում հարկերի վճարումից խուսափելու մասշտաբները կարող են Էլ ավելի մեծ լինել: «Ակտիվները թաքցնելու հավանականությունը զգալիորեն աճում Է բարեկեցության մակարդակի հետ միասին»,-ասված Է տնտեսագետներ Անետ Ալստադսետերի (Նորվեգիա), Նիլս Յոհաննեսենի (Դանիա) եւ Գաբրիել Ցուկմանի (ԱՄՆ) «Հարկերից եւ անհավասարությունից խուսափելը» հետազոտության մեջ:

Նրանք հաշվել են, որ միլիոնատերերը եւ միլիարդատերերը հարկերից 10 անգամ ավելի շատ միջոցներ են թաքցնում, քան մնացած բոլորը. միջին հաշվով Սկանդինավիայում հարկերը պակաս են վճարվում միայն 3 տոկոսի չափով:

Ուսումնասիրության տվյալների համաձայն, Նորվեգիայի ամենահարուստ մարդկանց շուրջ 40 տոկոսը (տնային տնտեսությունների 0,1 տոկոսը) արտասահմանում թաքցրել Է ակտիվների մոտավորապես 50 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: