«Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքների բնակիչներին խաղողի մթերման դիմաց մնացած պարտքից ևս 50 միլիոն դրամ վճարել է: Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Մենք խնդրել ենք «Շահնազարյան» ընկերությանը գնել «Վինար» ընկերության պահեստավորած սպիրտը, ինչից հետո 50 միլիոն դրամն անմիջապես վճարվել է Քաղցրաշեն և հարակից գյուղերի բնակիչներին»,- ասաց փոխնախարարը:

 


Ռոբերտ Մակարյանը հավելեց, որ «Վինար» ընկերությունը շարունակում է խաղողի մթերման դիմաց մոտավորապես 20 միլիոն դրամի չափով պարտք մնալ Արարատի մարզի համայնքների բնակիչներին: «Առաջիկա շաբաթվա ընթացքում կհստակեցվի, թե որքան է կազմում ընկերության մնացած պարտքի իրական չափը: Բայց կարող եմ ասել, որ պարտքը մոտավորապես 20 միլիոն դրամ է կազմում»,- եզրափակեց փոխնախարարը:

 


2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237,6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 1660,4 մլն դրամի գումարի չափով չկատարված պարտավորություն են ունեցել թվով 20 վերամշակող ընկերություններ: Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: