Վարդենիսի շրջանում այսօր մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ 15 համայնք ոտքի է ելել՝ ընդդեմ խոշորացման ծրագրի։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Վոլոդյա Խլոյանն իր անհանգստությունն արտահայտեց՝ ասելով, որ չի ընդունում գյուղերի խոշորացման ծրագիրը:

«Վարդենիսի տարածաշրջանը սահմանամերձ գոտի է, մենք սահմանապահներ ենք: Եթե խոշորացնեն, մի գյուղը միացնեն մեկ այլ գյուղի, բնակիչները կսկսեն արտագաղթել: Թող հիշեն՝ ինչ վիճակ էր տարիներ առաջ, եթե մենք կարողացել ենք ապրել այստեղ, դրա համար պետք է շնորհակալություն հայտնեն, պետք է ավելի մեծ ծրագրեր իրագործեն, որ ատագաղթածները վերադառնան իրենց բնօրրանները, այնինչ՝ հակառակն են անում»,- նշեց նա:

Գյուղապետը նշեց՝ Վարդենիսը խոշոր քաղաք է, ունի 15.000 բնակչություն, ինչպե՞ս կարելի է խոշորացնել. «Երբ 2011թվականին կառավարության որոշմամբ խոսվեց խոշորացման ծրագրի մասին, Վարդենիսն այն քաղաքներից էր, որը չմտավ այդ ծրագրի մեջ: Այդ դեպքում՝ ինչպե՞ս եղավ, որ հիմա մտավ խոշորացման ծրագրի մեջ»,- ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:

Գյուղապետ Խլոյանն այն մտահոգությունն ունի, որ թեև ինքը քաղաքապետ է ընտրվել հինգ տարի ժամկետով, բայց համայնքների խոշորացման այս ծրագրի հետևանքով իր լիազորությունները, փաստորեն, ժամկետից շուտ կդադարեցվեն. «Դե, եթե այդպես է, մենք ժամկետից շուտ պետք է թողնենք քաղաքը կառավարելու մեր լիազորությունները, իսկ ԱԺ պատգամավորներն էլ թող ժամկետից շուտ վայր դնեն իրենց մանդատները, Ազգային ժողովի ընտրություններն էլ նորից անեն... այդպես կլինի՞»,- ընդգծեց համայնքապետը:

Ըստ Խլոյանի՝ հարկավոր է խոշորացնել այն գյուղերը, որոնք հարևաններ են, բնակչության թվաքանակը շատ քիչ է, որպեսզի կարողանան միասին ծրագրեր իրագործել: Կան ավանդույթներ ունեցող համայնքներ, որոնք չեն կարող մյուսի հետ ապրել, քանի որ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի:

Ինչպես նշել են գյուղացիները՝ պատրաստվում են փակած պահել ճանապարհը, մինչև խոշորացման մասին որոշումը չեղարկվի։

Սոնա Հարությունյան