Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ ԱԺ-ում կայացավ հանձնաժողովին կից ստեղծված «Անալիտիկ» խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով փորձագետները, մամուլի հետ ակտիվ աշխատող նախկին պաշտոնյաներ ու վերլուծաբաններ:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Անալիտիկ» խորհրդի անդրանիկ նիստի մասնակից Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը նշեց, որ երեկ կայացած «Անալիտիկ» խորհրդի նիստն իր համար շատ հարցեր ծնեց, քանի որ ամեն ինչ դեռ խոսակցությունների մակարդակի է. «Ես այդպես էլ չհասկացա, թե այս խմբի ստեղծման նպատակը որն է, ամեն ինչ դեռ այնքան հեղհեղուկ վիճակում է, ես անգամ չհասկացա՝ այդքան փորձագետ մեկ տեղում հավաքելու իմաստը, առանց այն էլ մենք անընդհատ մամուլի հետ աշխատում ենք և մեր տեսակետներն ու վերլուծությունները հասանելի են դառնում հանրությանը»: 

Մանվել Սարգսյանը նաև հավելեց, որ դեռ հարց է՝ արդյո՞ք հավաքված վերլուծաբանները պատրաստ են աշխատել առանց աշխատավարձի. «Վստահ եմ՝ այս խնդիրը բոլորին է հետաքրքում: Շատ հարցադրումներ եմ երեկ արել, որոնց պատասխանները դեռ չեն տվել»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն, ով նույնպես ընդգրկված է այս «Անալիտիկ» խորհրդի կազմում, մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս Գերագույն խորհրդի ժամանակ են եղել նման անալիտիկ խմբեր և այն ժամանակ փորձագետները վարձատրվում էին և նրանց արած վերլուծությունները լայն տարածում էին գտնում. «Ես ինքս չգիտեմ՝ ի՞նչ են ուզում այս անգամ: Եթե փորձագետների կատարած վերլուծությունները, եթե անգամ չհամընկնեն պաշտոնական տեսակետի հետ, կարողանան տարածել, շատ լավ կլինի»: 

Լարիսա Ալավեդրյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է կարողանա նման վերլուծական կենտրոնների միջոցով այս կամ այն հարցի մասին վերլուծաբանների տեսակետները հանրայնացնել և հասանելի դարձնել միջազգային հանրության համար:

«Օրինակ՝ Արցախի հարցում միջազգային հանրությունը շատ բաներ չգիտի, և եթե մենք հիմա կարողանանք մեր տեսակետները հասցնել միջազգային հանրությանը, շատ կարևոր քայլ կարձանագրենք Արցախի հարցում: Բայց սա հնարավոր կլինի՞ անել այս նոր ձևավորվող խմբում, չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ դեռ նոր է խմորվում և շատ չլուծված հարցեր կան»:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ այս Անալիտիկ կենտրոնում ընդգրկված վերլուծաբանները կարող են իրենց վերլուծությունները ներկայացնել այս կամ այն հարցի վերաբերյալ, որոնք էլ կարող են դառնալ քննարկմԱն թեմանԵր արդեն պաշտոնական հարթակներում. «Վերլուծաբանները կտան գնահատականներ, վերլուծություններ կանեն և սա դեռ չի նշանակում, որ այս կենտրոնը կփորձի հակակշռել Արտաքին գործերի նախարարությանը: Դեռ որևէ հստակ բան ասել չեմ կարող, քանի որ հստակ ոչինչ դեռ չկա»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելեով, որ չի էլ փորձել պարզել՝ արդյոք փորձագետների աշխատանքի համար սահմանվելո՞ւ է աշխատավարձ:

«Այդ հարցին կարող է պատասխանել միայն Արմեն Աշոտյանը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Աղավնի Սուքիասյան