Պայթյունավտանգ այս ժամանակներում, երբ ամենշատը խոսվում է արցախյան պատերազմի վերաբռնկման մասին, իսկ թշնամին էլ ջանք չի խնայում` լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքն իրական դրաձնելու, Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն հարցը, թերևս, անվտանգության հավելյալ երաշխիքների հարցն է: Մենք բնավ էլ հիմարներ չենք ու հրաշալիորեն հասկանում ենք, որ երբևիցե մեկ ուղղությամբ ընթանալը կամ միայն մեկի քմահաճույքին տրվելը չի կարող 100 տոկոսանոց երաշխիք հանդիսանալ մեր երկրի  անվտանգության ամրապնդման հարցում, հետևաբար մշտապես փորձել ենք որքան հնարավոր է կոմպլեմենտար քաղաքականություն վարել ու մեզ ապահովագրել բոլոր կողմերից: Բայց եթե  տարիներ առաջ, երբ աշխարհում գեոպոլիտիկ իրավիճակն այսաստիճան սրված չէր, մեր այդ արտաքին քաղաքական գիծը տալիս էր իր պտուղներն, ապա այժմ, երբ շատ միջազգային փորձագետներ խոսում են նույնիսկ երրորդ համաշխարհայինի բռնկման վտանգի մասին, Հայաստանին այլ բան չի մնում, քան կողմնորոշվել` աջ, թե ձախ:

Սովորաբար, հատկապես արևմտամետ հայացքներ ունեցող փորձագիտական շրջանակների մոտ իշխում է այն  տեսակետը, թե Հայաստանի ռուսամետ քաղաքականությունը հատկապես ռազմաքաղաքական ոլորտում չի կարող արդարացված համարվել: Շատերն այն կարծիքին են, թե Արևմուտքը ևս  պատրաստ է մեր երկրին տալ անվտանգության երաշխիքներ ու եթե հարկ լինի կրծքով պաշտպանել Հայաստանն ասենք թուրքական ագրեսիայից: Մի խոսքով` կա տեսակետ, թե Հայաստանն ունի Ռուսաստանին այլընտրանք, ու բացառապես կոռումպացված ու միայն իրենց աթոռի մասին մտածող իշխանավորների սուբյեկտիվ մոտեցման արդյունքում է, որ այսօր Հայաստանը վերածվել է ռուսաստանի «ֆորտպոստի»:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահուն 168.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել էր Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս մակարդակին, խոսել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա վիճակի մասին, այն ծրագրերի, որոնք երկու կողմերը, միմյանց հետ համագործակցելով, հաջողությամբ կյանքի են կոչում: Խոսելով Հայաստանի` ՆԱՏՕ-ին  հնարավոր անդամակցության մասին` բանախոսը, սակայն, մի շատ հետաքրքրական հայտարարաություն էր արել, որը ոչ մի կերպ չի կարելի աչքաթող անել. հայտարարել էր, թե եթե Հայաստանն ի վերջո որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա, բնականաբար, կավելացնի համագործակցության հնարավորությունները, օրինակ՝ հայ խաղաղապահների քանակը ՆԱՏՕ-ում կմեծանա, Դաշինքում մեր անձնակազմի պաշտոնները կավելանան և այլն։ Բայց դա Հայաստանի որոշելիքն է՝ որքան սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Երբ փորձում ես  կարդալ ասվածի տողատակերն ու հասկանալ պաշտոնյայի բուն ասելիքը, կամա-ակամա գալիս ես այն եզրահանգման, որ Լահուն միանգամայն դիվանագիտական լեզվով փորձում է հասկացնել, որ ՆԱՏՕ-ն Հայաստանը չի դիտարկում որպես իր համար պոտենցիալ դաշնակից, ու եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով Երևանը որոշի անդամակցել այս ռազմաքաղաքական կառույցին, ապա դա Հայաստանին խոշոր հաշվով ոչինչ չի տա, ինչպես և ՆԱՏՕ-ին: Համաձայնե՛ք` ՆԱՏՕ-ում ասենք խաղաղապահների թվի ավելացումն այն ակնկալիքը չէ, որ որևիցե իրեն հարգող պետություն կարող է ունենալ` անդամակցելով տրանսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին:

Այսպիսով` ի՞նչ տրամաբանական եզրահանգում պետք է կատարել վերն ասվածից, կամ ո՞րն է Հայաստանի միակ ելքը մի պարագայում, երբ Արևմուտքը փաստացի հրաժարվում է մեզ անվտանգության երաշխիքներ տրամադրել: Ուզենք մենք, թե չուզենք, ուրախանանք, թե տխրենք, բայց այսօր Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք չունի` առնվազն անվտանգության ապահովման տեսանկյունից: Այո՛, Արևմուտքում չեն թաքցնում Հայաստանի հետ մերձենալու ձգտումները, չեն թաքցնում ցանկությունն` ինտեգրելու մեր երկիրը եվրոպական կառույցներին, հաստատելու սերտ տնտեսական հարաբերություններ և այլն, սակայն չգիտես ինչու (իսկ իրականում` միանգամայն հայտնի պատճառներով) նույն Արևմուտքն երբեք չի հայտարարում իր պատրաստակամության մասին` Հայաստանին տալու անվտանգության հստակ երաշխիքներ կամ դառնալու այլընտրանք նույն Ռուսաստանին: Իսկ Հայաստանի պես երկրի համար, որի թիվ մեկ խնդիրն այսօր, առանց չափազանցության, գոնե ֆիզիկական գոյության պահպանումն է, փողային թեմաները մի տեսակ երկրորդ պլան են մղված. մենք, ցավոք, բարեկեցիկ  Բելգիան կամ ասենք չքնաղ Մոնակոն չենք, որ քնենք-արթնանանք ու մտածենք, թե ինչպես անենք, որ մեր կյանքի մեկ օրն էլ վայելք դառնա. մեր խնդիրը ներկայում թշնամուն դիմադրելն է, ռազմի դաշտում վերջնականապես թուրքին ջախջախելն, իսկ ասենք վիզաների ազատականացումը, որն ինքնին բավականին կասկածելի նախաձեռնություն է, կարող է և սպասել. առանց այն էլ երկիրը դատարկվում է, ուստի` արտագաղթին ավելորդ ստիմուլ հաղորդելու կարիք մենք ներկայում չունենք` չնայած հայերիս հակվածությանը` ճամփորդել, աշխարհ տեսնել:

Ի դեպ` Ռուսաստանի համար Հայաստանը նույնպես գոնե այս պահին ու առնվազը տեսանելի ապագայում անփոխարինելի գործընկեր է ու Անդրկովկասում ռուսական շահերի միակ արտահայտիչը: Ո՛չ Վրաստանը, որն օր առաջ շտապում է ՆԱՏՕ մտնել, ոչ էլ առավել ևս Ռոդշիլդների նավթային շահերի սպասարկու Ալիևներն ու   Փաշաևները չեն կարող Մոսկվայի համար այլընտրանք դիտվել` ճշմարտություն, որը Կրեմլում կարծես սկսել են ավելի ու ավելի գիտակցել. հուսանք…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ