2012 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 23։00-ին, այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վերջինիս թիկնազորի անդամներն ու ռեստորանի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արտակ Բայադյանին։ Առավել ծանր վիճակում գտնվող՝ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Դաժան միջադեպի վերաբերյալ առաջին տեղեկությունը հրապարակեց ԼՈւՐԵՐ.com-ը, այսօր էլ` դեպքից 5 տարի անց, ներկայացնում ենք, թե ինչու և ինչպես տեղի ունեցավ ողբերգությունը:

ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչ, մայոր Վահե Ավետյանն ու նրա 4 ընկերները հունիսի 17-ին այցելել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր։ Վահե Ավետյանը եղել է սպորտային համազգեստով, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել նրան ներս մտնել՝ պատճաշ հագնված չլինելու պատճառաբանությամբ: Զինվորական բժիշկը հեռացել է, զգեստափոխվել և կրկին վերադարձել է ռեստորան: Միջադեպը տեղի է ունեցել մատուցողի և երիտասարդների միջև, ինչին միջամտել են անվտանգության աշխատակիցները:

Շրջանառվում էին լուրեր, որ անվտանգության աշխատակիցները միջադեպի առնչությամբ խոսել են ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով հրահանգել է «դաստիարակել» երիտասարդներին։

Հունիսի 18-ի գիշերը Վահե Ավետյանը կրկին ենթարկեց վիրահատության:

Հունիսի 19-ին Lurer.com-ին հաջողվեց պարզել, որ ծեծի ենթարկողներից մեկը Գարիկ Մարգարյանն է։ Վերջինիս նկարի և մի քանի տեսանյութերի համադրումից պարզ դարձավ, որ նա Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։

Միայն հունիսի 20-ին՝ դեպքից 3 օր անց, սկսվեցին ձերբակալությունները։ Ձերբակալվեց միջադեպի գլխավոր մեղավորը՝ Գարիկ Մարգարյանը։ Այնուհետև Ոստիկանությունից հայտնեցին, որ ձերբակալվել են նաև «Հարսնաքար» ռեստորանի մատուցողն ու մենեջերը։

 Հունիսի 20-ի երեկոյան կար 6 ձերբակալված:

Հունիսի 21-ին ձերբակալվածների թիվն արդեն 7-ն էր։ 

Հունիսի 22-ին համացանցում հայտնվեց առաջին տեսանյութը, որտեղ հստակ երևում է, որ ռազմական բժիշկներին ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Այս փաստը հաստատող ևս մեկ տեսանյութ էլ հրապարակվեց հունիսի 26-ին։

 

Հունիսի 29-ին, այդպես էլ ուշքի չգալով, Վահե Ավետյանը մահացավ։ Վահեի մահը առաջացրեց հանրային բողոքի ու ցասման մեծ ալիք:

Վահեի հուղարկավորությունը տեղի ունեցավ հուլիսի 2-ին։ Հուղարկավորությանը ներկա էին հազարավոր քաղաքացիներ, սպաներ, մտավորականներ, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Նույն օրը Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողովի կողմից կազմակերպվեց երթ դեպի դատախազություն, որին մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ:

 

Տեղի տալով հանրային ճնշմանը՝ հուլիսի 3-ին Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հայտնում էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Օգոստոսի 23-ին «Հարսնաքարի» գործն ուղարկվում է դատարան, իսկ սեպտեմբերի 13-ին եղավ գործով առաջին դատավարությունը։

Դատավարության ընթացքից երկար ժամանակ անց դատարանում ցուցմունք տալու համար անսպասելիորեն գալիս է Ռուբեն Հայրապետյանը։ «Եթե ես այնտեղ լինեի, նման բան չէր լինի»,-իր ցուցմունքում ասում է Ռուբեն Հայրապետյանը։

Վահեի մահը առիթ դարձավ հասարակական նոր ընդվզումների, որի արդյունքում ձևավորվել է հանրային պահանջ՝ վերացնել հանրապետությունում տիրող ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը:

Ուշադրություն: հրապարակումն ամբողջությամբ չի ներկայացնում տեղի ունեցածը, այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ: