ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԵՄ հետ վիզաների ազատականացման ռեժիմի մասին, նշեց, որ Հայաստանում այս հարցի վերաբերյալ կա որոշակի զգուշավորություն և ինքը հույս ունի, որ Հայաստանը կկարողանա օգտվել վիզաների ազատականացման ռեժիմի հնարավորությունից. «Խնդիրը դրված է օրակարգում, վիզաների ազատականացմանն անցման հարցը օրակարգից չի հանվել,  բայց դա  մի բան է, որի վերաբերյալ քննարկումը պետք է կազմակերպեն հայերը: Այստեղ Վրաստանի և Ուկրաինայի նման պետք է ընդունվեն շատ լուրջ օրենսդրական հենքեր, որպեսզի սկսենք վիզայի ազատականացման գործընթացը»,-նշեց Պյոտոր Սվիտալսկին:

Պյոտոր Սվիտալսկին անդրադարձավ նաև այն հակակոռուպցիոն մեխանիզմներին, որոնց շուրջ գործիքակազմ է մշակել Հայաստանը. «Մենք չենք կորցնում մեր հույսը, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ կլինի և այստեղ ես ԵՄ դրական կարծիքն եմ արտահայտում վերջրես ԱԺ-ում ընդունված հակակոռուպցիոն օրենքի վերաբերյալ, ինչպես նաև՝ Ազդարարի ինստիտուտի վերաբերյալ: Առաջիկայում մեր պրոֆեսիոնալները նաև մասնագիտական գնահատական կտան այդ օրենքի վերաբերյալ, որը ֆինանսավորման համար շատ կարևոր է»

Դեսպանն անդրադարձավ նաև ԵՄ կողմից Հայաստանում անկախ ԶԼՄ-ների զարգացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների հարցին՝ նշելով, որ թեև թվով հստակ չի կարող ասել, թե ԵՄ-ից որքան գումար է հատկացվել ՀՀ ԶԼՄ-ներին, բայց իրականացված ծրագրերը շոշափելի են. «Այս պահին Հայաստանի համար ծրագրեր չենք իրականացնում, բայց կան կարևոր ծրագրեր, որոնք իրականացվում են արևելյան գործընկերության կողմից, օրինակ՝ ԳԱԼԱ ՀԸ-ին տրված դրամաշնորհը շատ կարևոր էր: Ընդհանուր առմամբ՝ այն ինչ անում ենք, շատ շոշափելի  է, որովհետև ԶԼՄ-ների անկախության հարցը շատ լուրջ է, քանի որ այստեղ շուկան շատ դաժան է»: