«Փորձեմ այսօր հավեսով խոսել, չնայած երեկ էլ եմ հավեսով խոսել, բայց հավեսով խոսելու առիթներ, մեկ-մեկ լինում է, որ չկա», խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Փաստացի, վարչապետը կառավարության ծրագրի ընդունումից հետո նուրբ և շատ կոռեկտ ակնարկ է անում իր կուսակից «ընկերներին»` պատասխանելով վերջիններիս երեկ դրսևորած, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքին: Երեկ հանրապետական կուսակցությունը ընդդիմության բուռն աջակցությամբ Կարեն Կարպետյանին հասկացրին, ով է երկրում իրավիճակի տերը: Ով է գլխավոր դերում, իսկ ով երկրորդական՝ քաղաքական մասսովկայի համար: Թերևս Կարապետյանի երեկվանից հետո քաջ գիտակցում է , որ իր ղեկավարած կուսակցությունը ընդհամենը այդ մասսովկայի դերն էլ կատարելու է, լինելու է անչափ հարմար թիրախ Սերժ Սարգսյանի և հանրապետականի համար, ում վրա կարելի է բարդել բոլոր հնարավոր և անհնարին անհաջողությունները և ձախողումները:

Հասկանալով ներքաղաքական պայքարում իր ուժերի նվազ լինելը, դաշնակիցների սակավությունը և թիկունքի բացակայությունը՝ դժվար թե վարչապետի մոտ հավեսով կամ դրական էմոցիաներով խոսալու ցանկություն մնար: Մյուս կողմից այս նախադասությունը հստակ ուղերձ էր հանրապետականին այն տեսանկյունից, որ Կարեն Կարապետյանը երկրում ստեղծված վիճակի մեղավոր հանեց հենց նրանց: Հենց նրանք են մեղավոր, որ ինքը չի կարողանում երկրում փոփոխություններ իրականացնել և ի վերջո սայլը տեղից շարժել, հետևաբար հենց հանրապետականն է, որ Կարեն Կարապետյանի հավեսը այդչափ կոտրում է և արդյունքում նախկին դրայվի նշույլը այսօր անգամ չենք տեսնում: Կասկած անգամ չկա, որ ցանկության դեպքում 2018թ. Սերժ Սարգսյանը կարող է Կարեն Կարապետյանին պահել վարչապետի պաշտոնում, ինքը որևէ պետական պաշտոն չզբաղեցնի, բայց լինելով ՀՀԿ-ի նախագահն ու ԱԺ մեծամասնության ղեկավարը՝ երկրի իրական ղեկավարումը կրկին պահի իր ձեռքում: Այդպիսով՝ նա ոչ միայն կլինի ՀՀ փաստացի ղեկավարը, այլ զերծ կմնա բոլոր քննադատություններից: Կարեն Կարապետյանը կապ չունի խորհրդարանական այսօրվա մեծամասնության հետ, և նրա վարչապետությունը կախված է բացառապես մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունից, քմահաճույքից:

Ստելլա Խաչատրյան