Իսրայելական The Marker պարբերականը հաղորդում է այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի առողջապահության նախարարության բողոքը` կապված այն փաստի հետ, որ Հայաստանում իսրայելցի ուսանողները, հնարավոր է՝ կեղծ բժշկական դիպլոմներ են ստանում: Թողարկվել է նաև Առողջապահության նախարարության հատուկ զգուշացում՝ Հայաստանում կրթություն ստանալ ցանկացող ուսանողների համար, որ նրանց դիպլոմները, հնարավոր է՝ Իսրայելում չճանաչվեն:

Թե սրանից ավել ինչ խայտառակություն պետք է տեղի ունենար մեր կրթական համակարգի հետ՝ դժվար է ասել, սակայն փաստ է, որ պատկան մարմիններն անգամ այս դրության մեջ, երբ մեր դեմքին ակնհայտորեն ասում են՝ պարոնա՛յք, դուք անորակ կրթական շուկա ունեք՝ մենք լռում ենք և չենք էլ փորձում ուղղել խայտառակ իրավիճակը: Այն, որ խնդիրը համակարգային է, կասկած չկա, սխալ կլիներ տվյալ պարագայում ամբողջ մեղքը բարդել մեկ կամ երկու կրթական հաստատության վրա. անորակ է ողջ կրթական համակարգը: Իսկ ինչո՞ւ պետք է որակյալ դառնա, ինչպե՞ս, եթե գործնական որևէ քայլ չենք անում այն բարեփոխելու համար, չէ՞ որ նման սկանդալները վարկաբեկում են ոչ միայն մեր բուհական համակարգը, այլ Հայաստան պետությունը: Շրիշակից ցածր մակարդակի կրթությունը հարիր է Վանուատուին կամ Մոզամբիկին, արդյո՞ք մենք դրան ենք ձգտում հավասարվել: Եթե այո, ապա կեցցենք, ինչ խոսք՝ հաջողել ենք: Ընդ որում` նույն Իսրայելում արդեն խոսում են ոչ միայն դիպլոմների մասին:

Տեղեկացվում է, որ Իսրայելի ոստիկանությունը ստուգում է Առողջապահության նախարարության ներկայացրած բողոքը՝ Հայաստանում տրամադրվող գիտական աստիճանների վերաբերյալ, որոնք, հնարավոր է՝ կեղծ են: Սա այլեւս չի զարմացնում, որքան էլ ցավալի է: Ինչի՞ վրա պետք է զարմանանք, երբ ինքներս քաջ գիտենք, որ մեր երկրում յուրաքանչյուր գյուղապետ կամ միջին պաշտոնյա սեփական էգոն շոյելու նպատակով հաջողացնում է ձեռք բերել դոկտոր-պրոֆեսորի կոչում: Մի՞թե իսրայելցիք մեզ համար ինչ-որ նորություն բացահայտեցին՝ իհա՛րկե ոչ: Մենք այս ամենի մասին քաջատեղյակ ենք, քաջատեղյակ են նաև կրթության և գիտության նախարարությունում, մինչդեռ փախարենը գործնական քայլեր ձեռնարկենք նման խայտառակություններից հետագայում խուսափելու համար, որպեսզի Իսրայելին չհաջորդեն այլ պետություններ, պատկերն ավելի է բացահայտվում` ակնառու դարձնելով, որ երկրում առկա է մի ամբողջ ինդուստրիայի գործունեության, որը Հայաստան է տեղափոխում արաբ ուսանողներին, որոնք ձախողվել են անվանի համալսարաններում և ուսումն ավարտում են Հայաստանում: 

Ստելլա Խաչատրյան