Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատգամավորների վեճերի, քննարկումների ֆոնին մի ուշագրավ հանգամանք կարծես թե վրիպեց բոլորի աչքից՝ վարչապետը Հանրապետականի անունը չնշեց ծրագիրը ներկայացնելիս: Ինչու՞:

Ըստ էության՝ ծրագրի հիմնական բլոկը՝ տնտեսականը, գրվել է կառավարության անդամների կողմից, որոնց մի մասը հանրապետական է, բայց միայն ֆորմալ իմաստով: Քաղաքական իմաստով նրանք հանրապետական չեն, այլ Կարապետյանի թիմն են: Կարապետյանն այդպիսով փորձեց նաև առանձնացնել իր թիմին ՀՀԿ-ից: Սա վարչապետի թիմի PR քաղաքականության հերթական դրսևորումն է: PR-ի մոգական ուժին դիմելու կարիք Կարեն Կարապետյանի կաբինետը անշուշտ ունի: Կառավարության ծրագիրը ներկայացնելիս առհասարակ վարչապետ Կարեն Կարապետյանին որևէ ՀՀԿ-ական չպաշտպանեց: Ավելին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթը, ըստ էության, ի պաշտպանություն ՀՀԿ ծրագրի էր և ոչ թե` Կարեն Կարապետյանի: 13 էջանոց ծրագիրը ներկայացնելիս Կարեն Կարապետյանն ընդամենը մեկ անգամ շեշտեց Հանրապետական կուսակցության գործոնը, այն էլ՝ ի միջիայլոց. Ավելի շատ տուրք տալով պատշաճությանը:

Կարեն Կարապետյանը նաև ցանկանում էր ընդգծել, որ կառավարության ծրագրի դրույթները իր և իր թիմի մտավոր սեփականությունն են: Ըստ նրա` ծրագիրը կյանքի որակ փոխող է, հետևաբար Կարապետյանը իր թիմով ցանկանում է ընդգծել, որ ՀՀԿ կողմից ձևավորած որակը բավարար չէ և ինքը փորձելու է այն փոխել: Սակայն ինչպես, եթե չի վայելում նույն այդ ՀՀԿ աջակցությունը և ամեն կերպ փորձում է ընդգծել քաղաքական դիստանցիան ՝ իր և իշխող կուսակցության միջև: Այս խնդիրը կարևոր է ոչ միայն նեղ նախագծային ինչ-որ քննարկումների ժամանակ աջակցություն ունենալու համար, այլ ընդհանրապես քաղաքական կշռի տեսանկյունից: Երկրի վարչապետը, երկրի իշխող կուսակցության առաջին փոխնախագահը խորհրդարանում հենարան չունի: Այդ կուսակցությունը նրա հենարանը չէ: ՀՀԿ-ն նրան ինչպես բերել է, այդպես էլ հրաժեշտ կտա` առանց աչքը թարթելու: Պարզապես դրա համար դեռ ժամանակ կա մինչև 2018թ. ապրիլը: Կ. Կարապետյանն իր դերը պետք է մինչև վերջ տանի: Հո 9 ամիսը մեկ կառավարություն չեն փոխի:

Իհարկե, նա իր հիմնական առաքելությունը կատարել է՝ խորհրդարանական ընտրություններին իր դեմքը տրամադրելով իշխանություններին, սակայն հիմա նրան հասկացնում են, որ պետք չէ ավելին ակնկալել, պարզապես պետք է գլուխը կախ, առանց որևէ դիմադրության աշխատել՝ մինչև գա հեռանալու պահը: Հակառակ պարագայում ոչ միայն ԱԺ-ում, այլ տարբեր առիթներով նման իրավիճակներ կկազմակերպեն հասկացնելու, որ վտանգավոր է նախատեսված դերից ավելին ակնկալել:

Ստելլա Խաչատրյան