«Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարին ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը, խոսելով համագումարի  և դրա նպատակների մասին, նշեց, որ խորհրդարանական ընտրությունները չտվեցին հանրության մեջ առկա հարցերի պատասխանները, ուստի իրենք գտնում են, որ ապրիլին կայացած ընտրությունները մեծահարուստների  կողմից ժողովրդին պարտադրանքի և նսեմացման ընտրություններ էին: 

«Բացասական  ազդեցություն ունեցան ընտրությունները հասարակության վրա, մեզ նսեմացրին, ուստի հիմա պարտավոր ենք կանգնել հանրության կողքին և ազդել քաղաքական գործընթացների վրա»: 

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները պահանջում են բանակից արդիական միջոցներ, ապա հասարակությունն էլ նույն իշխանությունից պետք է պահանջի իրեն տալ այդ արդիական միջոցները, որը հասարակության համար այս պարագայում զարգացած տնտեսությունն է. «Տվե՛ք մեզ այն զենքը,  որ հասարակությանը կարողանանք դուրս հանել այս վիճակից: Տվե՛ք մեզ ազատականացված տնտեսություն՝ զերծ մենաշնորհներից»:

Ուստի, Սեյրան Օհանյանը կարևորեց նման բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակում ժողովրդի համախմբումն ու սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի քաղաքական կյանքում: 

«Մենք պետք է պարտադրենք, որ այսօրվա իշխանությունը տա ժողովրդին զենքը և մեր ջանքերը պետք է ուղղենք Հայաստան-սփյուռք միասնությունը նոր թափով օգտագործելու համար, իսկ սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը հնարավոր կլինի, եթե Հայաստանում տնտեսությունը լինի բաց և ազատականացված»: