ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Շամիրամ գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված   սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձին փախցրել է վերջինիս հորեղբայրը։

Այսպես՝ 2017թ. օգոստոսի 1-ին  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ ըստ նախնական քննության տվյալների` 1967թ. ծնված Թելման Քալաշյանը, մուտք է գործել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահ, որտեղ այդ պահին տեղի է ունեցել  եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությունը,  հայհոյել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից 4 –ը մահացել են, 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքից անմիջապես հետո Թ.Քալաշյանը   դիմել է փախուստի, ինչը փորձել է կանխել սգո սրահում ներկա գտնվողներից մեկը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով հետապնդելով նրան։ Շամիրամ գյուղի սկզբնամասում հասել և իր ավտոմեքենայով հարվածել է Քալաշյանի  վարած ավտոմեքենային, ինչի հետևանքով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մտել հարակից դաշտ և կանգնել:

Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ գտնվող հրազենով  կրակոցներ է արձակել իրեն հետապնդող անձի ուղղությամբ: Սակայն վերջինս խուսանավել է: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝  Թ.Քալաշյանին իր ավտոմեքենայով նշված վայրից փախցրել է նրա հորեղբայրը, ով սգո սրահում ներկա է գտնվել նշված արարողությանը և ականատես եղել կատարված հանցագործությանը։

Հորեղբորը՝ 67-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել օպերատիվ-որոնողական միջոցառումները՝  առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող  Թելման Քալաշյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։