Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ խմելու ջրի սակագինը մշտապես եղել է վիճելի և դեռ տարիներ առաջ բնապահպանների խմբերը բարձրացնում էին այն հարցը, որ խմելու ջրի համար պետք է սահմանել մինիմալ անվճար քանակ, իսկ այդ քանակից ավել ջրօգտագործողների համար պետք է սահմանել որոշակի գումար:

«Ջուրը մարդու իրավունքն է և դրա մինիմումը պետք է մարդուն տրվի անվճար, ամբողջ զարգացած աշխարհում զեղչային ճկուն համակարգ է գործում անապահով խավերի համար, ինչը մեր երկրում բացակայում է, սա շատ վտանգավոր բան է: Ես հասկանում եմ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մեծ խնդիրների առաջ է կանգնած, կորուստները հասնում են մոտ 60 տոկոսի, սակայն, անհնար է չնկատել, որ մեր երկրում կան օրենքից բարձր մարդիկ, ովքեր չեն վճարում իրենց օգտագործած ջրի քանակի համար: Այստեղ պետական մոտեցում է անհրաժեշտ, և մենք ուղղակի չենք կարող ընդունել ընկերության՝ ջուրը թանկացնելու որոշումը»,-իր մտահոգությունները կիսեց բնապահպանը:

ԼՈւՐԵՐ.com-ը բանախոսից հետաքրքվեց՝ որքանով է արդարացված ջրի սակագինը մոտ 14 դրամով թանկացնելու՝ ընկերության որոշումը: Կարինե Դանիելյանը նշեց, որ սակագնի բարձրացումն անապահով խավերի համար  կբերի լրացուցիչ խնդիրներ, բնակչության այն հատվածը, որը անվճարունակ է, կզրկվի ջրից, ինչը կբերի սանիտարահիգիենիկ պայմանների վատթարացման: «Բոլոր պարագաներում, չեմ  կարող չընդունել մի բան, որ այս համակարգը դեռ սովետական շրջանից ունի բազմաթիվ խնդիրներ և սակագնի թանկացմամբ ընկերությունը փորձլու է նվազագույնի հասցնել ջրի կորուստները»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ 2017-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն արդեն բարձրացել էր Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար, հասնելով 180 դրամի՝ 1 խմ-ի դիմաց։ Այդ սակագինը սահմանվել էր 1 տարի ժամկետով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ տարեվերջին ողջ հանրապետության ջրային համակարգի վարձակալության արտոնագիրը 15 տարով հանձնեց «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ հաստատելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագին։